2026-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի վերաբերյալ ընտրակաշառքի օրինական ուժի մեջ մտած ոչ մի դատավճիռ չեք կարող վկայակոչել․ Վարդևանյան

Կատեգորիկ չեմ պնդի, թե օգտագործել եմ արդյոք «ընտրակաշառք» ձևակերպումը հենց թոշակների բարձրացման հետ կապված։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ընդդիմությունից ԱԺ փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ օգոստոսի 6-ին հայտարարել է այդ պաշտոնի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ես հակված եմ, որ օգտագործել եմ «սոցիալական կաշառք» ձևակերպումը», — նշել է Վարդևանյանը՝ հավելելով, որ այդ ձևակերպումն օգտագործել է նաև Սահմանադրական դատարան ուղարկված դիմումում։

Նա ընդգծել է, որ կոչ էր անում ընտրություններին զուգահեռ չիրականացնել սոցիալ-տնտեսական բարեփոխումներ։

«Այն ընտրությունների հավասարության սահմանադրական երաշխիքի խաթարման է բերում։ Գտնում եմ, որ այս ընտրությունները դրա մասին էին, ընտրության հավասարության դեֆիցիտի մասին էին», — պարզաբանել է պատգամավորը։

Անդրադառնալով ընտրակաշառքի հարցին՝ ընդդիմադիր պատգամավորը մասնավորապես հայտարարել է. «2021 թվականին «Հայաստան» դաշինքի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած մեկ դատավճիռ չեն կարա վկայակոչել։ 2026 թվականին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վերաբերյալ դուք ընտրակաշառքի օրինական ուժի մեջ մտած մեկ դատավճիռ չեք կարող վկայակոչել։ Կարող եք վկայակոչել մեր քաղաքական դիրքորոշումը և իրավականը։ Իսկ քաղաքական դիրքորոշումը հետևյալն է. որևէ առնչություն դրա հետ չենք ունեցել այն համարել ենք դատապարտելի երևույթ»։

Վարդևանյանը հիշեցրել է, որ դեռ ընտրություններից առաջ իրենք հանդես են եկել համապատասխան հայտարարությամբ՝ տեղի ունեցողին տալով խիստ գնահատական։

Նա նաև նշել է, որ Սահմանադրական դատարանը հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններին հղում անելուց զերծ մնալու անհրաժեշտության մասին, քանի որ դրանք մոնտաժված են եղել։

«Դրանցում բացակայում են «Ուժեղ Հայաստան» դաշինքին վերաբերող տվյալները», — ընդգծել է ընդդիմադիր գործիչը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *