Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը և կողմ է առաջացող հարցերը հանգիստ երկխոսության միջոցով լուծելուն, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ երկրի երկաթուղային ենթակառուցվածքի հետագա կառավարման շուրջ վեճը Ռուսական երկաթուղիների հայկական «դուստր» ընկերության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից, կարող է փոխանցվել արբիտրաժ։
2008 թվականին Հայաստանը երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիայի էր հանձնել «Հարավկովկասյան երկաթուղուն»։ 2026 թվականի փետրվարին Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը դիտարկում է կոնցեսիոն կառավարման իրավունքը երրորդ երկրից մի ընկերության փոխանցելու հնարավորությունը, որը բարեկամական հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հետ։
«Մենք կողմ ենք, որ այդ բոլոր հարցերը լուծվեն խորհրդակցությունների, երկխոսության ռեժիմով, լիովին հանգիստ։ Մենք պատրաստ ենք շարունակել աշխատել և շարունակել կոնցեսիան Հայաստանում»,- ասել է Օվերչուկը։
Նրա գնահատմամբ՝ Ռուսական երկաթուղիները մնում է այն սակավաթիվ ընկերություններից մեկը, որը կարող է արդյունավետ կառավարել երկրի երկաթուղային համակարգը և զարգացնել այն։
«Առավել ևս, որ այսօր Ռուսական երկաթուղիները, հավանաբար, միակ մասնագիտական ընկերությունն է, որն ունակ է արդյունավետ կառավարել այս երկաթուղին և զարգացնել այն», – հավելել է ՌԴ փոխվարչապետը։