Պահանջում են ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը

Պորտուգալացի լեգենդար հարձակվող Լուիշ Ֆիգուն խիստ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին՝ հայտարարելով, որ վերջինս պետք է հեռանա համաշխարհային ֆուտբոլի կառույցի ղեկավարի պաշտոնից։

ՖԻՖԱ-ն ավելի վաղ հայտարարել էր նոր առևտրային նախաձեռնության մասին, որի շրջանակում նախատեսվում էր մասնավոր ներդրողներին վաճառել նորաստեղծ կառույցում կազմակերպության բաժնեմասը և ներգրավել շուրջ 4,2 միլիարդ դոլարի ներդրում։ Սակայն ծրագիրը մեծ դժգոհություն առաջացրեց ֆուտբոլային մի շարք կառույցների շրջանում, ինչից հետո ՖԻՖԱ-ն ստիպված եղավ հրաժարվել այդ գաղափարից։

Ըստ հրապարակումների՝ Ինֆանտինոն ակնկալում էր զգալի ֆինանսական շահ ստանալ այս նախագծից՝ կապված տարբեր մրցաշարերի, այդ թվում՝ աշխարհի առաջնությունների հեռարձակման իրավունքների վաճառքի հետ։

Ֆիգուն իր հեղինակային հոդվածում հայտարարել է, որ Ինֆանտինոն չի արդարացրել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի հեղինակությունը և մեղադրել է նրան սեփական շահերը ֆուտբոլի շահերից վեր դասելու մեջ։

«Ինֆանտինոն վնասել է այն պաշտոնի հեղինակությանը, որը խոստացել էր ամրապնդել։ Նա փորձել է օգտվել ֆուտբոլից՝ սեփական շահերն առաջ տանելու համար։ Ես ամբողջ կյանքում կապված եմ եղել այս մարզաձևի հետ, 20 տարի հանդես եմ եկել որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և բազմաթիվ մարդկանց եմ հանդիպել։ Սակայն վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին ամենակեղծ ու անընդունելի վարքագիծը, որը երբևէ տեսել եմ»,– նշել է Ֆիգուն։

Նրա խոսքով՝ նման մոտեցում ունեցող մարդիկ չպետք է դեր ունենան ֆուտբոլի ապագայի ձևավորման գործում։

Միաժամանակ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՈւԵՖԱ-ն կարող է անվստահություն հայտնել Ինֆանտինոյին, եթե նա ինքնակամ չհեռանա ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից։ Բացի այդ, ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ մի շարք երկրներ քննարկում են նախկինում տրված աջակցությունը հետ կանչելու հնարավորությունը՝ կապված Ինֆանտինոյի հնարավոր վերանշանակման հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *