Մյունխենի դատարանը 2025 թվականի փետրվարին մարդկանց բազմության վրա իրականացված վրաերթի համար ցմահ ազատազրկման է դատապարտել Աֆղանստանի 25-ամյա քաղաքացի Ֆարհադ Ն.-ին, որի հետևանքով զոհվել էին մի կին և նրա երկու տարեկան դուստրը, հայտնում է BBC News-ը։
Մյունխենի բարձրագույն երկրամասային դատարանը հանցագործությունը ճանաչել է առանձնապես ծանր, ինչը զգալիորեն բարդացնում է 15 տարվա ազատազրկումից հետո պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հնարավորությունը։
Դատախազության տվյալներով՝ 2025 թվականի փետրվարի 13-ի առավոտյան տղամարդը դիտավորյալ Mini մակնիշի ավտոմեքենան ուղղել է Մյունխենի կենտրոնում անցկացվող արհմիության հանրահավաքի մասնակիցների կողմը, որտեղ գտնվել է շուրջ 1400 մարդ։ Վրաերթի հետևանքով զոհվել են 37-ամյա կինը և նրա երկու տարեկան դուստրը, ավելի քան 40 մարդ էլ վնասվածքներ է ստացել, նրանցից մի քանիսը՝ ծանր։

Ֆարհադ Ն.-ն մեղավոր է ճանաչվել սպանության մեղադրանքի երկու, սպանության փորձի 23, ինչպես նաև այլ հոդվածներով, ներառյալ՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքներով։
Դատավորը հայտարարել է, որ մեղադրյալը մտադրված էր «պատահական կերպով հարձակվել և սպանել մարդկանց Գերմանիայում»՝ որպես արձագանք իսլամական երկրներում տեղի ունեցող իրադարձություններին։ Դատավորի գնահատմամբ՝ տղամարդը ձգտել է կատարել մի արարք, որն, իր կարծիքով, հաճո կլիներ Աստծուն, և ապացուցել իր նվիրվածությունն իսլամին։
Դատախազությունը պնդել է, որ մեղադրյալը հարձակումը դիտարկել է որպես պատասխան Գազայում և Աֆղանստանում ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների գործողություններին։ Մեղադրանքի վարկածով՝ դրդապատճառներից էին նաև զայրույթը, հիասթափությունը և չարացածությունը։
Պաշտպանությունը պնդել է 15 տարվա ազատազրկման ժամկետ և Ֆարհադ Ն.-ին հոգեբուժական կլինիկա տեղափոխելու անհրաժեշտություն՝ նշելով, որ նրա մոտ կարող էին լինել շիզոֆրենիայի նշաններ։
Ֆարհադ Ն.-ն իրավունք ունի բողոքարկել դատավճիռը։
Գերմանական իշխանությունների տվյալներով՝ տղամարդը 2016 թվականին, դեռահաս տարիքում, Գերմանիա է ժամանել Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի ժամանակ։ Նա եկել էր միայնակ՝ առանց ընտանիքի։ Նրա ապաստանի խնդրանքը մերժվել էր, սակայն արտաքսում չէր իրականացվել։ Գերմանիայում նա ուներ օրինական բնակության կարգավիճակ և աշխատանքի թույլտվություն, եղել է անվտանգության աշխատակից և խանութների աշխատող։
Նա նախկինում դատված չի եղել։ Սոցիալական ցանցերում տղամարդը բոդիբիլդինգի և կրոնի մասին նյութեր է հրապարակել։