
Ազգային ժողովում լրագրողը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանին հարց է ուղղվում՝ որպես կին պատգամավոր՝ արդյո՞ք պատրաստվում է միջնորդել, որպեսզի կալանավորված ընդդիմադիր գործիչ Արեգնազ Մանուկյանը հնարավորություն ունենա տեսակցելու կամ հաղորդակցվելու իր անչափահաս երեխայի հետ։ Պատասխանը՝ ոչ։
Պատճառը՝ պատգամավորուհին գործի մանրամասներին և իրավական հիմքերին ծանոթ չէ։ Այստեղ մի փոքր կանգ առնենք։ Եթե պատգամավորն ասում է՝ «գործի մանրամասներին ծանոթ չեմ», ապա հարց է առաջանում՝ իսկ ընդհանրապես ի՞նչ բաների է ծանոթ։ Որովհետև խոսքը նորեկ պատգամավորի մասին չէ։ Հռիփսիմե Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք արդեն երեք անգամ պատգամավոր է եղել։ Այսինքն՝ այնքան էլ նոր չէ ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ պատգամավորական աշխատանքում։ Ու հենց այստեղ հարցն ավելի հետաքրքիր է դառնում։
Երեք անգամ պատգամավոր լինելը դեռ բավարար չէ, որպեսզի գոնե իմանաս՝ ինչ հարցերի պետք է ծանոթ լինել։ Չէ՞ որ պատգամավորի աշխատանքը միայն նիստերի դահլիճում կոճակ սեղմելը, «կողմ» քվեարկելն ու լրագրողի հարցին «չգիտեմ» ասելը չէ։ Ավելին՝ խոսքը նույնիսկ քրեական գործի վերաբերյալ որոշում կայացնելու մասին չէ։ Ոչ ոք պատգամավորից չի պահանջում դատավորի աթոռը զբաղեցնել, փաստաբան դառնալ կամ իրավապահ մարմնի փոխարեն որոշում կայացնել։ Հարցը շատ ավելի պարզ է՝ մարդու անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորության մասին։ Բայց պատգամավորն ասում է՝ «չեմ միջնորդելու, որովհետև գործի մանրամասներին ծանոթ չեմ»։ Այս տրամաբանությամբ կարելի է վաղը ցանկացած հարցի վերաբերյալ հարցնել պատգամավորին, իսկ պատասխանը նախապես պատրաստ է.
— Տնտեսության վիճակի մասին ի՞նչ կասեք։
— Չեմ ծանոթացել։
— Կրթության խնդիրների՞ մասին։
— Չեմ ծանոթացել։
— Առողջապահության՞։
— Չեմ ծանոթացել։
— Քաղաքացիների իրավունքների՞։
— Չեմ ծանոթացել։
— Բա երեք անգամ պատգամավոր լինելով՝ ինչի՞ եք հասցրել ծանոթանալ։
— Մեր խմբակցության օրակարգին։
Ու այստեղ արդեն քաղաքացու մոտ մի շատ բնական հարց է առաջանում. Եթե երեք անգամ պատգամավոր եղած մարդը դեռ կարող է ասել՝ «չեմ ծանոթացել», ապա ի՞նչ է պետք անել, որ վերջապես ծանոթանա։ Չորրորդ անգամ պատգամավոր դառնալո՞ւն սպասել։ Ոչ ոք չի ասում՝ գնա՛ դատարանի դուռը թակի ու դատավորին ասա՝ ինչ որոշում կայացնել։ Բայց պատգամավոր լինելը նաև նշանակում է բարձրաձայնել այն հարցերը, որոնք հասարակության համար կարևոր են, հատկապես երբ խոսքը երեխայի իրավունքների մասին է։ Երեք անգամ պատգամավոր լինելու հանգամանքն այստեղ հարցն ավելի է սրում։ Որովհետև եթե մեկ անգամ չիմանալը կարելի է վերագրել անտեղյակությանը, երկրորդ անգամ՝ զբաղվածությանը, ապա երրորդ անգամ արդեն կարելի է պարզապես հարցնել՝ իսկ պատգամավորական աշխատանքի բովանդակությանը ե՞րբ եք պատրաստվում ծանոթանալ։ Գուցե Նիկոլ Փաշինյանի օրոք երեք անգամ պատգամավոր լինելը հենց սա՞ է նշանակում՝ երեք անգամ ընտրվել, բայց չորրորդ անգամ էլ նույն հարցին պատասխանել՝ «չեմ ծանոթացել»։
Մի խոսքով՝ եթե պատգամավոր լինելը նշանակում է ամեն հարցի դեպքում ասել՝ «չգիտեմ», «չեմ ծանոթացել», «իմ լիազորությունների մեջ չէ», ապա մի շատ պարզ հարց է մնում. Բա այդ դեպքում ո՞վ է ծանոթանալու։ Ո՞վ է հարց բարձրացնելու։ Ո՞վ է քաղաքացու կողքին կանգնելու։ Եվ ամենակարևորը՝ եթե հարցերին չծանոթանալը, հարցերը չբարձրացնելը և միջնորդելուց հրաժարվելն են պատգամավորական աշխատանքի սահմանները, ապա բա Ազգային ժողովում ի՞նչ եք անում։ Որովհետև այդ դեպքում պատգամավորին կարելի է փոխարինել մի շատ պարզ սարքով՝ «Չեմ ծանոթացել» կոճակով։ Կոճակն այդ գործը հաստատ կանի։