Սահակաշվիլին Վրաստանում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումը կապել է Իվանիշվիլիի մայնինգային ֆերմայի հետ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ երկրում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումը կապված է մայնինգային ֆերմայի հետ, որը, նրա պնդմամբ, միլիարդատեր և «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հիմնել է Ինգուրի ՀԷԿ-ի թունելներում, հաղորդում է Georgia Online-ը։

«Երեկվա էլեկտրաէներգիայի անջատումն ուղղակիորեն կապված է Իվանիշվիլիի՝ Էնգուրիի թունելներում գտնվող մայնինգային ֆերմայի հետ։ Հենց որ ջերմաստիճանը բարձրանում է, ֆերման վթարային կերպով անջատվում է և դադարեցնում էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- գրել է Սահակաշվիլին սոցիալական ցանցերում։

Ըստ նախկին նախագահի՝ սակագների աճը փաստացի նպաստում է մայնինգի ֆինանսավորմանը, իսկ ֆերման ինքնին ավելի շատ էլեկտրաէներգիա է սպառում, քան Թբիլիսին։ Նա հայտարարել է նաև, որ օբյեկտի տեղակայումը Ինգուրի ՀԷԿ-ի թունելներում տեխնիկապես անընդունելի է և դարձել է էլեկտրամատակարարման խափանումների պատճառ։

Վրաստանի Էներգետիկայի և ջրամատակարարման ազգային հանձնաժողովում հայտնել են, որ անջատման պատճառը սարքավորումների պլանային փորձարկումներն են եղել։

«Երեկվա փորձարկման արդյունքում գործել է վթարային ավտոմատիկան, ինչի հետևանքով Ինգուրի ՀԷԿ-ի գեներատորներն անջատվել են միասնական էներգահամակարգից։ Կատարված աշխատանքների ընթացքում անսարքությունը հայտնաբերվել է։ Ներկայում աշխատանքներ են տարվում ավտոմատիկայի աշխատանքի սխալի վերացման ուղղությամբ»,- հայտնել են հանձնաժողովից։

Ավելի վաղ Վրաստանում հայտնել էին վերջին երկու շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի երրորդ լայնածավալ անջատման մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *