Դատարանն ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Օլգա Ստեֆանիշինայի նկատմամբ հնարավոր անօրինական հարստացման և հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու գործով որպես խափանման միջոց ընտրել է 6 միլիոն գրիվնայի չափով գրավ, հայտնում է ուկրաինական «Սուսպիլնե» հրատարակությունը։
Գրավը վճարելուց բացի, դատարանը Ստեֆանիշինային պարտավորեցրել է ներկայանալ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (НАБУ) դետեկտիվների կանչով, տեղեկացնել բնակության վայրի փոփոխության մասին և գործով վկաների հետ կապի մեջ չմտնել։
Քննության վարկածով՝ նախկին պաշտոնյան հայտարարագրերում չի նշել Կիևի երկու բնակարան, դրանց վերանորոգման ծախսերը, բնակարանի վարձակալությունը, Mercedes-Benz ավտոմեքենայի օգտագործումը, ինչպես նաև ավիատոմսերի և մոր բուժման վճարները։
Ստեֆանիշինային նոր կասկածանքի մասին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (НАБУ) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը (САП) հայտնել են օգոստոսի 5-ին։ Ավելի վաղ նա արդեն ներկայացրել էր իրեն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ իր դիրքորոշումը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 3-ին Ստեֆանիշինային ազատել էր ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնից։
Բացի դրանից, 2025 թվականի հուլիսին Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը (САП) քրեական վարույթ էր հարուցել Ստեֆանիշինայի հնարավոր խախտումների վերաբերյալ. վերջինս նախկինում Ուկրաինայի՝ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ, ինչպես նաև արդարադատության նախարար էր։