ԱՄՆ-ն իրանական բեռնատար նավ է գրավել․ Հորմուզի նեղուցը փակ է մնում

Միացյալ Նահանգները հայտարարել է Օմանի ծոցում իրանական դրոշով բեռնատար նավի գրավման մասին, որը փորձում էր շրջանցել ԱՄՆ ռազմածովային շրջափակումը։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «Touska» անունով իրանական բեռնատար նավը փորձել է ճեղքել նավերի շրջափակումը։

ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Spruance ականակիրը մի քանի անգամ նախազգուշացումներ է արել, որոնք անտեսվել են: Դրանից հետո ամերիկյան նավը կրակ է բացել՝ վնասելով «Touska»-ի շարժիչային հատվածը, ինչից հետո ամերիկացի ծովային հետևակայինները վերահսկողություն են հաստատել նավի վրա։

Իրանական կողմը այս քայլը որակել է որպես «զինված ծովային ավազակություն» և ապրիլի 8-ից գործող հրադադարի ռեժիմի խախտում՝ խոստանալով պատասխան միջոցներ ձեռնարկել։

Այս միջադեպը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի շրջափակման և տարածաշրջանում ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին, ընդ որում, հրադադարի երկշաբաթյա ժամկետը լրանում էր չորեքշաբթի օրը։ 

Թրամփը իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում հայտարարել է, որ իր ներկայացուցիչները կմեկնեն Իսլամաբադ։

Սպիտակ տան խոսնակը BBC-ին հայտնել է, որ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կրկին կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը Իսլամաբադում կայանալիք բանակցություններում, որին կմասնակցեն նաև Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Նրանք Վենսի հետ մասնակցել են մեկ շաբաթ առաջ կայացած բանակցությունների առաջին փուլին։

Հաղորդվել է, որ իրանական պատվիրակությունը կարող է Իսլամաբադ մեկնել երեքշաբթի օրը։ Նախորդ անգամ այն ​​գլխավորել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Սակայն, կիրակի օրը, իրանական պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանի ներկայացուցիչները չեն պլանավորում մասնակցել ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ ԱՄՆ-ն շարունակվում է շրջափակման մեջ պահել Հորմուզի նեղուցում իրանական նավահանգիստները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *