Գիտնականները ահազանգում են․ Եվրոպայում անտառային կենսազանգվածի կորուստները հասել են աննախադեպ մակարդակի

2018 թվականից ի վեր եվրոպական անտառները տարեկան միջինում մեկ հեկտարի հաշվով կորցնում են 46%-ով ավելի շատ վերգետնյա կենսազանգված, քան 1985-ից 2017 թվականների ընթացքում։ Այս եզրակացությանն են եկել Մյունխենի տեխնիկական համալսարանի հետազոտողները, որոնք առաջին անգամ արբանյակային տվյալների միջոցով գնահատել են անտառային կենսազանգվածի փոփոխությունները ամբողջ Եվրոպայի տարածքում։ Արդյունքները հրապարակվել են Nature Geoscience ամսագրում։

Գիտնականները համադրել են անտառային տարածքների փոփոխության վերաբերյալ արբանյակային տվյալները կենսազանգվածի պաշարների մասին տեղեկատվության հետ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ կորուստների կտրուկ աճը համընկել է կեղևակեր բզեզների լայնածավալ տարածման հետ, ինչին նպաստել են ավելի հաճախակի և ուժեղ երաշտները։

Հետազոտության գլխավոր հեղինակ Կատյա Կովալսկու խոսքով՝ վերջին տարիների փոփոխությունները դժվար է բացատրել առանց կլիմայի փոփոխության ազդեցության։

Երաշտից թուլացած ծառերն ավելի խոցելի են դառնում վնասատուների նկատմամբ, և ակնկալվում է, որ նման երևույթները ավելի հաճախ կկրկնվեն։

Ամենալուրջ հետևանքները դիտվում են Կենտրոնական Եվրոպայում, որտեղ կենտրոնացած են փայտանյութի ամենամեծ պաշարները։

Գերմանիայում, որը ԵՄ երկրների շարքում ունի փայտանյութի ամենամեծ պաշարը, վնասված անտառները տարեկան մեկ հեկտարի հաշվով կորցնում են մոտ 125 տոննա կենսազանգված, ինչը համարժեք է մոտ 230 տոննա CO₂-ի։ Մինչև 2018 թվականը այս ցուցանիշը կազմում էր մեկ հեկտարի հաշվով մոտ 170 տոննա CO₂։

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ 1985-ից 2023 թվականների ընթացքում կենսազանգվածի կորուստների 18%-ը պայմանավորված է եղել բնական գործոններով՝ միջատների զանգվածային բազմացմամբ, փոթորիկներով և անտառային հրդեհներով։ Սակայն 2018 թվականից հետո դրանց մասնաբաժինը աճել է 17%-ից մինչև 23%։

Մնացած 82% կորուստները կապված են տնտեսական գործունեության հետ։

Միևնույն ժամանակ, հետազոտողները նշում են, որ մարդու կողմից պատրաստված փայտանյութը միշտ չէ, որ անմիջապես դառնում է ածխաթթու գազի արտանետումների աղբյուր, քանի որ այն հաճախ օգտագործվում է շինարարությունում և կահույքի արտադրության մեջ։

Հեղինակները զգուշացնում են, որ արդյունքները վտանգի տակ են դնում Եվրամիության կլիմայական նպատակները։ ԵՄ-ն նախատեսում է մինչև 2030 թվականը անտառների կողմից ածխաթթու գազի կլանումը հասցնել տարեկան 310 միլիոն տոննա CO₂-համարժեքի, սակայն եվրոպական անտառների՝ ածխածինը կապելու կարողությունն արդեն նկատելիորեն նվազում է։

Գիտնականները կարծում են, որ այս միտումը մեղմելուն կօգնեն վնասված անտառների վերականգնումը և անտառների կառավարման մեթոդների հարմարեցումը փոփոխվող կլիմային։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *