ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/.2026 թ.-ի հուլիսին բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան գերազանցել է 426 մլրդ դրամը, հայտնել են Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ հաշվետու ամսում բաժնետոմսերով բորսայական առևտրի ծավալը կազմել է ավելի քան 207.4 մլն դրամ: Բաժնետոմսերով կնքվել է 250 գործարք:
Պարտատոմսեր
AMX-ի առաջնային հարթակում պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը հուլիսին գերազանցել է 87.1 մլրդ դրամը: Երկրորդային շուկայում իրականացվել է 70 գործարք՝ ավելի քան 25.8 մլրդ դրամ ծավալով, ինչը 759%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Հուլիսին կորպորատիվ պարտատոմսերի շուկայում առևտրի ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրել է 118% աճ՝ կազմելով ավելի քան 16.5 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1798 գործարք՝ հուլիսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 208 կորպորատիվ պարտատոմսով: Հաշվետու ամսում անցկացվել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, որի ընդհանուր ծավալը գերազանցել է 2.3 մլրդ դրամը: «Այս կայուն աճն արտացոլում է առողջ պահանջարկը կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ռեպո գործարքներ
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը գերազանցել է 32.1 մլրդ դրամը: Հուլիսին կնքվել է 218 ռեպո գործարք, ինչը 548%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Արտարժույթի շուկա
Հունիսին AMX-ի արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակում՝ ավելի քան 779.2 մլն դրամ ծավալով (6 գործարքով): Ամսվա ընթացքում փոխարժեքը տատանվել է 367-367.9 դրամի տիրույթում:
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում: