Ինքնիշխանության և խաղաղության մասին խոսելը բարոյապես անընդունելի է

Ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում խիստ քննադատության ենթարկեց երկրի ներկայիս իշխանությունների քաղաքականությունը՝ անդրադառնալով ինչպես արտաքին, այնպես էլ ներքին խնդիրներին։

Նրա գնահատմամբ՝ Արցախն այլևս գոյություն չունի, իսկ արցախահայությունը ենթարկվել է էթնիկ զտման։ Վարդանյանը նաև ընդգծեց, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում, մինչդեռ Ադրբեջանը շարունակաբար առաջ է քաշում նոր պահանջներ։ Նրա խոսքով՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է Ադրբեջանի շահերի և սեփական աշխարհաքաղաքական նպատակների հետ։

Պատգամավորը նշեց, որ այս պահին չի ցանկանում մանրամասն անդրադառնալ երկրի ներքին խնդիրներին՝ ժողովրդավարության հետընթացին, բռնաճնշումներին, ընտրական գործընթացների խախտումներին և քաղբանտարկյալների թեմային՝ ընդգծելով, որ դրանք Հայաստանի ներսում լուծման ենթակա հարցեր են։

Միաժամանակ նա հայտարարեց, որ, իր համոզմամբ, քանի դեռ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շուրջ երեք տարի շարունակ պահվում է Բաքվի բանտերում, ինքնիշխանության և խաղաղության մասին խոսելը բարոյապես անընդունելի է։

Վարդանյանի կարծիքով՝ գործող իշխանությունները, իշխանությունը պահպանելու նպատակով, պատրաստ են ընդունել Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պահանջները՝ այդ կերպ փորձելով ժամանակ շահել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *