Իրանի պատերազմը վտանգում է Ամերիկայի գլոբալ անվտանգության կապերը և վնասում նրա հեղինակությանը՝ հատկապես աշխարհի մուսուլմանների շրջանում։ Այս մասին է վկայում Պետքարտուղարության հեռագրերի շարքը, որը հայտնվել է POLITICO-ի ձեռքում։
Հեռագրերը նկարագրում են պատերազմի հետևանքներն Ամերիկայի դիրքերի համար աշխարհի տարբեր մասերում՝ Բահրեյնում, Ադրբեջանում և Ինդոնեզիայում։
Հեռագրերից մի քանիսը նկարագրում են հակաամերիկյան տրամադրություններ, որոնք անմիջական ազդեցություն են ունենում, մինչդեռ մյուսները մտահոգություններ են հայտնում, որ հարաբերությունները կարող են վտանգվել, եթե պատերազմը շատ ավելի երկար շարունակվի։
Դեսպանատները պետք է «ունենան ճկուն, արագ և նախաձեռնողական սոցիալական լրատվամիջոցների ազատություն՝ գերբնակեցված թվային տարածքում ազդեցություն ունենալու մարտահրավերին դիմակայելու համար», – նշվում է Ջակարտայից՝ Ինդոնեզիայից, ուղարկված դեսպանատան հեռագրում։
Ըստ ԱՄՆ դիվանագետի՝ ԱՄՆ դեսպանատներին հրահանգվել է չստեղծել Իրանի պատերազմի մասին օրիգինալ բովանդակություն՝ հրապարակայնորեն տարածելու համար, և փոխարենը հիմնականում սահմանափակվել Սպիտակ տան կամ Պետդեպարտամենտի գլխավոր գրասենյակի կողմից հաստատված հաղորդագրություններն առցանց վերահրապարակելով։
Այն փաստը, որ հեռագրերն ընդհանրապես ուղարկվել են, ենթադրում է, որ երկրներում իրավիճակն աստիճանաբար ավելի ու ավելի ծանր է դառնում։
Պետքարտուղարության խոսնակ Թոմի Պիգոթը, մեկնաբանելով, նշել է. «Նախագահ Թրամփի գործողությունները Միացյալ Նահանգները, ապագա սերունդները և ամբողջ աշխարհը դարձնում են ավելի անվտանգ՝ կանխելով իրանական ռեժիմի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Սա է իրականությունը, և ամբողջ վարչակազմը միահամուռ կերպով է մասնակցում այդ ջանքերին»։
Ըստ Բաքվում ԱՄՆ դեսպանատան հեռագրի՝ իրանական պատերազմը կարող է վնասել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի հետ հարաբերություններում արձանագրված առաջընթացին, որը գրանցվել է Թրամփի կողմից անցյալ օգոստոսին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գագաթնաժողովի ղեկավարումից ի վեր։
Այդ գագաթնաժողովից հետո ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են ավելի դրական լուսաբանել Միացյալ Նահանգները։ Նաև նկատվել են ամերիկամետ տրամադրությունների աճի նշաններ։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո առաջին ամսվա ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցները պահպանել են հիմնականում չեզոք տոն՝ արտացոլելով կառավարության դիրքորոշումը։ Մարտի 5-ին Ադրբեջանի վրա իրանական անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հարվածը նույնիսկ կարճ ժամանակով հանգեցրել է զայրացած, ազգայնական մեկնաբանությունների, որոնցում Իրանին մեղադրել են ահաբեկչության համար։ Սակայն ապրիլին ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի քննադատաբար են մոտեցել ԱՄՆ-ին։
«Տեղական լրատվամիջոցների մեծ մասը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Իսրայելին հակամարտությունը սկսելու և այն ավարտելու հստակ ռազմավարության կամ նպատակի բացակայության համար», – նշվում է հեռագրում։ Որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ այս ամիս վերատպել են միջազգային լրատվական հոդվածներ, որոնք ներառում են Թրամփի և նրա ընտանիքի քննադատություններ։
Հեռագրում նշվում է, որ չնայած Ադրբեջանում սոցիալական ցանցերի մեկնաբանների մեծ մասը խորապես քննադատել է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները, նման տրամադրությունները, կարծես, չեն հանգեցրել ավելի շատ իրանամետ տրամադրությունների Ադրբեջանում։ Ընդգծվում է, որ ադրբեջանական հասարակության մեծ մասն աշխարհիկ մտածողություն ունի և արհամարհանքով է վերաբերվում Թեհրանի իսլամիստական ռեժիմին։
Ադրբեջանի կառավարության պաշտոնյաները անմիջապես չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքին։