Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։ Դրա մասին հայտնել են ուզբեկ առաջնորդի մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները վերահաստատել են ավելի վաղ բարձր մակարդակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացման հանձնառությունը և քննարկել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման հեռանկարները։
Մամուլի ծառայության տվյալներով՝ Դոնալդ Թրամփը նշել է, որ Ուզբեկստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները հասել են «աննախադեպ մակարդակի»։ Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են տնտեսական համագործակցության ծրագրի իրականացումը, միջտարածաշրջանային կապերի ընդլայնումը, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացումը քաղաքացիական ավիացիայի, ավտոմոբիլաշինության, հանքարդյունաբերության, էներգետիկայի, մետալուրգիայի, թվային տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Շավքաթ Միրզիյոևը մեկ անգամ ևս շնորհավորել է ԱՄՆ նախագահին Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առթիվ։
Բացի դրանից, կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային արդիական հարցերի շուրջ՝ ընդգծելով գլոբալ անվտանգության ապահովման և հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը։
Հեռախոսազրույցի ավարտին Ուզբեկստանի նախագահը Դոնալդ Թրամփին հրավիրել է պաշտոնական այցով այցելել երկիր։