Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված 15 հարցերի քննարկումներից հետո առանցքային երեք փաստաթուղթ է ստորագրվել։ ՌԴ վարչապետ Միխայել Միշուստինը վստահեցրել է, որ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի վերաբերյալ հաստատվող համաձայնագիրը նախատեսված է պաշտպանելու ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների շահերը։ Կարևորվել է ԵԱՏՄ երկրների համատեղ աշխատանքը՝ եվրասիական ինտեգրացիան ամրապնդելու ուղղությամբ։ Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև դիտորդ երկրների ներկայացուցիչներ։
Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում ԵԱՏՄ անդամ երկրները երեք առանցքային փաստաթուղթ են ստորագրել՝ էլեկտրոնային առևտրի, բրոքերներին ու դիլերներին միմյանց աճուրդներին մասնակցելու թույլտվություն տալու, ինչպես նաև միության անդամ երկրներում գիտական կոչումների փոխադարձ ճանաչման մասին:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ ընդլայնման մասին է խոսել․
«Արտաքին համագործակցության ընդլայնումը մեր միության առաջնահերթություններից մեկն է։ Ինչպես ավելի վաղ ընդգծել էր ՌԴ նախագահ Պուտինը, շատ պետություններ և խոշոր տարածաշրջանային կառույցներ հետաքրքրություն են ցուցաբերում հնգյակի հետ կապերի զարգացման նկատմամբ։ Մենք ակնկալում ենք, որ Եվրասիական տնտեսական միության արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կաճի։ Միասին մենք աշխատում ենք ինտեգրման յուրաքանչյուր մասնակցի ներուժը լիարժեքորեն իրացնելու ուղղությամբ՝ մեր քաղաքացիների կյանքի որակը բարելավելու համար։ Վստահ եմ, որ միության ինքնաբավությունը և մեր տնտեսությունների փոխլրացումը դա հնարավոր կդարձնեն»։
Միշուստինը նշել է, որ եվրասիական սերտ ինտեգրացիան իրական օգուտներ է բերում, ինչպես նաև նպաստում է բիզնեսի եկամուտների աճին, կյանքի որակի և միության անդամ երկրների ժողովուրդների բարեկեցությանը։ Բիզնեսների համար կգործեն միասնական և հստակ կանոններ, քաղաքացիների համար էլ հասանելի կլինի ապրանքների ավելի լայն տեսականի։ ՌԴ վարչապետը գործընկերներին խնդրել է թարմացնել ԵԱՏՄ պահանջներին ապրանքների համապատասխանության գնահատման տվյալները։
Միշուստինը վստահեցրել է, որ ԵԱՏՄ–ում առցանց առևտրի հարթակների համար աշխատանքի միասնական կանոններ կգործեն։ Անցումը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը կարագացնի վարչարարական ընթացակարգերը և կհեշտացնի լոգիստիկան։
ՌԴ վարչապետը արձանագրել է, որ ԵԱՏՄ երկրներում մակրոտնտեսական ցուցանիշների դրական դինամիկա կա գլոբալ մարտահրավերների պայմաններում։ Ըստ նրա՝ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուրն աճում է։
Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը շեշտել է, որ ԵԱՏՄ երկրների միջև այս տարի ապրանքաշրջանառությունը աճել է և հնարավոր է 2026-ին հասնի միչև 102 մլրդ դոլարի։ 2025 թ ապրանքաշրջանառտությունը երկրների միջև նվազել էր 3.5%-ով։
«Ապրանքների ազատ տեղաշարժը եվրասիական ինտեգրման հիմնարար սկզբունքներից մեկն է։ Փոխադարձ առևտուրը շարունակում է կարևոր գործոն մնալ անդամ պետությունների տնտեսական աճի համար: Անցյալ տարի ԵԱՏՄ-ում առևտրի շրջանառությունը կազմել էր 95 միլիարդ դոլար, ինչը 3.5%-ով պակաս է: Այս տարի կանխատեսվում է 7.3% աճ՝ մինչև 102 միլիարդ դոլար»։
Համաձայնագրի իրականացումը թույլ կտա ընդլայնելու բիզնեսի հնարավորությունները և կհեշտացնի առևտրի մասնակիցների հասանելիությունը գործընկեր երկրների շուկաներին։
Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևը խոսել է միության ինքնաբավ լինելու կարևորության մասին․
«Նպատակը անփոփոխ է՝ ԵԱՏՄ-ն պետք է դառնա ինքնաբավ, ներդաշնակորեն զարգացած՝ բազմաբևեռ աշխարհի մաս, որը հիմնված է էներգետիկայի, պարենային անվտանգության և տրանսպորտային կապերի վրա։ Սա պահանջում է ավելի քիչ հռչակագրեր և ավելի շատ իրական նախագծեր, ավելի քիչ խոչընդոտներ և ավելի շատ փոխադարձ վստահություն։ Միայն պրագմատիկ և համակարգված գործողություններով կկարողանանք Եվրասիական տնտեսական ուղին դարձնել արժանի բովանդակությամբ»։
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է հոկտեմբերի 1-2-ը Մինսկում: Ռուսաստանի վարչապետ Միշուստինը հայտարարել է, որ խորհուրդը առնվազն տարին երկու անգամ պետք է հավաքվի: Չոլպոն-Ատայում կազմակերպված նիստը երկրորդն է այս տարվա ընթացքում։