«Հրապարակ». Փաշինյանին եւ իր թիմին միայն 8 տարում հաջողվեց հաղթահարել աղքատությունն իրենց գլուխներում

Վիճակագրական կոմիտեի 2023 թվականի տվյալներով, Հայաստանի բնակչության 23.7 %-ն աղքատ է։ Ծայրահեղ աղքատ է բնակչության 1.1 %-ը։ Պաշտոնապես նշվում է, թե 2022 թվականի համեմատ աղքատության մակարդակը կրճատվել է 1.1 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0.1 տոկոսային կետով։ Հենց այս թվերն էլ թմբկահարում են իշխանության ներկայացուցիչները եւ պարծենում, որ աղքատությունը նվազեցնում են։

Նշենք, որ իշխող կուսակցության 2021-26թթ. նախընտրական ծրագրի կետերից մեկը վերաբերում էր Հայաստանում աղքատության նվազեցմանը: Այս կետը կյանքի կոչելու համար վարչապետ Փաշինյանը Հայաստանի հպարտ քաղաքացիներին նախապատրաստում էր աղքատության հաղթահարման ծրագրին եւ դեռ 2019 թվականին հայտարարում էր. «Աղքատությունը զուտ տնտեսական հարաբերությունների հետ կապված բան չի: Մարդու աղքատությունը գլխում է: Չի կարող մարդը, ով իր գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի»:

Մի քանի տարի անց Փաշինյանը կրկին խոսում է աղքատության հաղթահարման մասին եւ այն ծուլությամբ պայմանավորում. «Աշխատունակ մարդուն պետք է հրաժարվենք որեւէ աջակցություն ցուցաբերել», ապա հավելում է, թե աղքատությունը հնարավոր է հաղթահարել աշխատանքով` չկա այնպիսի տարբերակ, որ չաշխատես, ու աղքատությունը հաղթահարվի։ Ամիսներ առաջ էլ, դժգոհելով կառավարության աշխատանքից, ասել էր. «Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում է մնալ բարձր: Մենք ցույց ենք տալիս, մի կողմից, տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն Հայաստանի Հանրապետությունում, բայց աղքատության էական նվազում չենք ունենում»:

Մենք գրավոր հարց էինք ուղղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին. ««Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրի նպատակներից մեկն էր՝ մինչեւ 2026 թվականը աղքատության մակարդակի նվազեցումը: Ի՞նչ պատկեր ունենք այսօր, արդյո՞ք հաջողվեց Ձեր կուսակցությանը՝ աղքատության մակարդակը նվազեցնել»:

Նախարարությունից պատասխանել էին, որ վերջին տարիներին արձանագրվել է աղքատության եւ ծայրահեղ աղքատության ցուցանիշների նվազման միտում։ Մասնավորապես, 2023 թվականին աղքատության ցուցանիշը կազմել է 23.7 տոկոս, իսկ 2024 թվականին՝ 21.7 տոկոս։ Միաժամանակ, ծայրահեղ աղքատության ցուցանիշը 2023 թվականին կազմել է 1.1 տոկոս, 2024 թվականին՝ 0.6 տոկոս։

«Ցուցանիշների նվազումը պայմանավորված է ոչ միայն սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքանությամբ, այլեւ մի շարք սոցիալ-տնտեսական գործոնների համակցված ազդեցությամբ։ Գնահատման համակարգով կարեւորվում է ընտանիքի աշխատունակ, սակայն չաշխատող անդամների տնտեսական ակտիվացումը: Գնահատման նոր համակարգի թիրախ դիտարկվում են մեկ չափահաս անդամին հավասարեցված անդամի հաշվով՝ նվազագույն պարենային զամբյուղից ցածր տնօրինվող ամսական եկամուտներ ունեցող՝ եկամտային (եւ ունեցվածքի) հիմքով ծայրահեղ աղքատ ընտանիքները: Ելնելով ծայրահեղ աղքատության վերացման նպատակադրումից` գնահատման համակարգում ընդգրկվում են այն ընտանիքները, որոնց մեկ չափահասին հավասարեցված անդամների ամսական եկամուտների չափը ցածր է սահմանային շեմից, որն էլ համապատասխանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված եւ հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքին (2026 թ. համար այն կազմում է 35,875 դրամ)»:

ՀԳ. Հայաստանի հպարտ եւ դուխով քաղաքացիները հասցրե՞լ են արդյոք այս ութ տարիների ընթացքում իրենց գլուխներում աղքատությունը հաղթահարել: Մինչեւ իշխանափոխությունը, ապառիկով լվացքի մեքենա, հեռուստացույց, փոշեկուլ, սառնարան ձեռք բերող ՔՊ-ական որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը, այժմ պետբյուջեի հաշվին շռայլ ծախսեր են անում, միլիոնների հասնող պարգեւավճարներ ստանում: Ստացվում է, որ միայն Նիկոլ Փաշինյանին եւ իր շրջիկ թափառախմբին հաջողվեց 8 տարվա ընթացքում հաղթահարել աղքատությունն իրենց գլուխներում ու հատկապես` գրպաններում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *