Հութիները հրթիռա-դրոնային հարված են հասցրել Եմենի արևելքում գտնվող Մարիբ քաղաքի տեղահանվածների ճամբարներին և բնակելի թաղամասերին։ Հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս 14-ը վիրավորվել է, տեղի իշխանություններին հղումով հայտնել է պետական SABA լրատվական գործակալությունը։
Հութիների ներկայացուցիչները հայտարարել են, որ հարվածների թիրախը եղել են Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող ուժերը, պահեստները, տրանսպորտը և ռազմական տեխնիկան Մարիբի Սահն ալ-Ջին ճամբարի տարածքում։
Գրոհը տեղի է ունեցել Մարիբ և Հադրամաութ նահանգների ռազմական ճամբարներին հասցված հարվածների հաջորդ օրը։
Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության ներկայացուցիչների տվյալներով՝ այդ գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 30 զինծառայող։ Հութիները ստանձնել են հարվածների պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ գրոհել են սաուդյան զինվորականների դիրքերը՝ տարածաշրջանում խոշոր ռազմական ուժեղացում հայտնաբերելուց հետո։
Եմենի հարցով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Հանս Գրունդբերգը ուրբաթ հայտարարել է, որ Մարիբում և Հադրամաութում վերջին գրոհները, ինչպես նաև Կարմիր ծովում և Ադենի ծոցում առևտրային նավերի դեմ վերսկսված հարձակումները Եմենը կանգնեցրել են լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ամենալուրջ վտանգի առջև՝ 2022 թվականի ապրիլին ՄԱԿ միջնորդությամբ ձեռք բերված զինադադարից հետո։
Գրունդբերգը բոլոր կողմերին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն և վերադառնալ ՄԱԿ հովանու ներքո ընթացող բանակցություններին։ Նրա խոսքով՝ բռնության շարունակումը կարող է Եմենը ներքաշել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության մեջ։
Հութիներն անցած ամիս հայտարարել էին Կարմիր ծովում Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին՝ այն անվանելով պատասխան Եմենի դեմ Էր Ռիադի գործողություններին։ Սաուդյան Արաբիան մերժում է այդ մեղադրանքները։
Էր Ռիադը 2015 թվականից գլխավորում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանն աջակցող ռազմական կոալիցիան։ Կոալիցիան միջամտել է հակամարտությանն այն բանից հետո, երբ հութիները 2014 թվականին գրավել էին երկրի մայրաքաղաք Սանան։ Բազմամյա պատերազմը հանգեցրել է լայնածավալ ավերածությունների և աշխարհում ամենախոշոր հումանիտար աղետներից մեկին։