Շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին, տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև, հաղորդել է ադրբեջանական APA-ն։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Թրամփը «բարձր է գնահատել» Ալիևի դերը խաղաղ կարգավորման գործում։
«Գոհունակությամբ ընդգծվել է, որ անցած տարվա ընթացքում տարածաշրջանում ապահովվել են խաղաղությունն ու կայունությունը, և չի եղել որևէ միջադեպ, որը կարող էր խաթարել տարածաշրջանում խաղաղությունը»,- նշվել է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վաշինգտոնյան հանդիպման առաջին տարելիցի օրը։
Ավելի վաղ հաղորդվել էր Թրամփի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին, որը նույնպես տեղի էր ունեցել օգոստոսի 8-ին։
Վաշինգտոնյան հռչակագրի տարելիցին ամերիկյան կողմը հայտարարել էր ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջընթացի մասին, մասնավորապես՝ TRIPP նախագծի՝ Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային երթուղու առաջմղման վերաբերյալ, որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի հետ և նպաստի տարածաշրջանային ենթակառուցվածքների և առևտրի զարգացմանը։