Երկու ուղևորուհի խախտել է անվտանգության պահանջները և դուրս եկել «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքադաշտ։ Նրանց ձերբակալել են օդանավակայանի աշխատակիցները և հանձնել Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցներին, հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 25-ին։ Օդանավակայանի տվյալներով՝ երկու ուղևորուհիներն անցել են նախաթռիչքային հսկողության բոլոր գծերը և գտնվել են մաքուր գոտում՝ մինչև չվերթի նստեցումը, որից հետո ինքնակամ դուրս են եկել լրացուցիչ ռեժիմային սահմանափակումների տարածք։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել երկու աղջիկների մասին, որոնք, իբր, ուշացել էին չվերթից և վազելով դուրս էին եկել թռիչքադաշտ՝ փորձելով հասնել ինքնաթիռին։ «Շերեմետևոյում» այս վարկածն ուղիղ չեն հաստատել՝ նշելով միայն ուղևորուհիների՝ ռեժիմային գոտի չարտոնված մուտքի փաստը։
Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, օդանավակայանի հերթապահ աշխատակիցներն անմիջապես ձերբակալել են կանանց և հանձնել նրանց ԱԴԾ-ին։ Ուղևորուհիների նկատմամբ իրավապահ մարմինները ձեռնարկում են օրենքով նախատեսված միջոցներ։
«Շերեմետևոյում» ընդգծել են, որ ուղևորների անվտանգության ու թռիչքների իրականացման սպառնալիք չի առաջացել։
Միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը կազմակերպել է ստուգում։ Գերատեսչությունը կգնահատի օդանավակայանի և ավիաընկերության աշխատակիցների գործողությունները՝ տրանսպորտային անվտանգության մասին օրենսդրության պահանջների պահպանման տեսանկյունից, ինչպես նաև կողմնակի անձանց թռիչքադաշտ մուտքի կանխարգելմանն ուղղված միջոցների արդյունավետությունը։