Կոսովոյում շաբաթ օրը խորհրդարանի նիստը տապալվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավոր Տիմե Կադրիայը ձվեր է նետել վարչապետի պաշտոնակատար Ալբին Կուրտիի ուղղությամբ, հայտնում է Reuters-ը։
Խորհրդարանում լարվածություն է առաջացել այն բանից հետո, երբ Կուրտին խնդրել է հետաձգել հիմնադիր նիստը։ Նա դա բացատրել է խորհրդարանի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելուց առաջ այլ կուսակցությունների հետ բանակցությունների համար լրացուցիչ ժամանակի անհրաժեշտությամբ։
Տեղական ԿՈՆԱ գործակալության տվյալներով, այն բանից հետո, երբ Կուրտին զբաղեցրել է իր տեղը դահլիճում, Կադրիայը վազել է նրա մոտ և մի քանի անգամ ձվեր է նետել, որոնք նախապես իր հետ բերել էր պայուսակում։ Իրավիճակը հաջողվել է հանդարտեցնել մյուս պատգամավորների և անվտանգության ծառայության աշխատակիցների միջամտությունից հետո։
Կուրտին միջադեպին արձագանքել է հանգիստ։ Նա հայտարարել է, որ եթե ձվերով «ռմբակոծությունը» անհրաժեշտ գին է երկխոսություն վարելու հնարավորության համար, ապա ինքը «պատրաստ է այն վճարել»։
Կոսովոյում քաղաքական ճգնաժամը շարունակվում է արդեն մոտ մեկուկես տարի։ Հունիսին երկրում անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք մեկուկես տարուց էլ պակաս ժամանակահատվածում արդեն երրորդն էին։ Դրանց վերջնական արդյունքները հաստատվել են հուլիսին։
Կուրտիի «Ինքնորոշում» կուսակցությունը ստացել է ձայների 47,13%-ը և խորհրդարանում 53 տեղ։ Կոսովոյի ժողովրդավարական կուսակցությունը հավաքել է 19,44% և ստացել 22 մանդատ, Կոսովոյի ժողովրդավարական լիգան՝ 16,69% և 18 տեղ։ «Հանուն Կոսովոյի ապագայի դաշինքը» ստացել է յոթ մանդատ՝ հավաքելով ձայների 6,74%-ը։
Ընտրություններից հետո Կուրտին կոչ է արել մյուս քաղաքական ուժերին համագործակցության՝ հայտարարելով ձգձգված քաղաքական ճգնաժամին վերջ դնելու անհրաժեշտության մասին։
Սահմանված ընթացակարգի համաձայն, նոր գումարման խորհրդարանը պետք է առաջին նիստը անցկացնի ընտրությունների արդյունքների պաշտոնական հաստատումից հետո 30 օրվա ընթացքում։ Դրանից հետո պետք է սկսվեն կառավարության ձևավորման և նախագահի ընտրության ընթացակարգերը։