Նեթանյահուի խորհրդականներին մեղադրել են Կատարին՝ Եգիպտոսի հետ խաղաղությունը վտանգող տվյալներ փոխանցելու մեջ

Կառավարությունը հեռացնելու մտադրություն ունեցող ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու կուսակցությունների առաջնորդները խիստ քննադատության են ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրա մերձավոր խորհրդականներին Israel Hayom թերթի հրապարակումից հետո։

Պարբերականի տվյալներով, վարչապետի երեք խորհրդականներ, իբր, Կատարին փոխանցել են Եգիպտոսի մասին վարկաբեկող տեղեկություններ՝ դրա դիմաց գումար ստանալով Դոհայից։

Ինչպես հայտնում է Israel Hayom-ը, արտահոսքերը վերաբերում էին գաղտնի տեղեկություններին այն մասին, որ Եգիպտոսը հնարավոր է խախտել է Իսրայելի հետ խաղաղության համաձայնագիրը՝ Սինայի թերակղզի լրացուցիչ ուժեր տեղափոխելու պատճառով։ Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները մտավախություն ունեին, որ այդ տվյալների փոխանցումը կարող էր վտանգի տակ դնել Եգիպտոսի հետ խաղաղության պայմանագիրը և նվազեցնել Կահիրեի պատրաստակամությունը աջակցելու ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատմանը։ Պնդում է արվում, որ Կատարը ստացված տեղեկությունն օգտագործել է Իսրայելում Եգիպտոսի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու և բանակցություններում իր դերն ուժեղացնելու համար։

«Ահա այսպիսին է Իսրայելի նկատմամբ պետական դավաճանությունը։ Նեթանյահուի խորհրդականները, որոնք Կատարից գումար էին ստանում, Կատարի շահերի համար վտանգի տակ են դրել Եգիպտոսի հետ մեր ռազմավարական հարաբերությունները», — հայտարարել է «Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Յաիր Գոլանը։

Ըստ նրա, հինգ պատերազմներն ու հազարավոր իսրայելցի զինծառայողների մահը հանգեցրել են Եգիպտոսի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը, սակայն Նեթանյահուի գրասենյակում, իբր, չեն վախեցել այն վտանգի տակ դնել ֆինանսական շահի համար։

«Յաշար» կուսակցության նախագահ Գադի Այզենկոտը նույնպես քննադատել է Նեթանյահուին և կոչ արել ստեղծել պետական քննչական հանձնաժողով։ Նրա կարծիքով, «ցանկացած ողջամիտ վարչապետ» կհանձնարարեր հետաքննություն անցկացնել՝ պարզելու տեղի ունեցածի հանգամանքները և համոզվելու, որ իր աշխատակիցները գործում են Իսրայելի, ոչ թե այլ պետության շահերից ելնելով։

Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը նշել է, որ «Լիկուդ» կուսակցությունը նախկինում արգելափակել էր իր առաջարկած օրինագիծը՝ Կատարը թշնամական պետություն ճանաչելու մասին։ Լապիդի կուսակցական գործընկեր Նաֆթալի Բենեթը, իր հերթին, հրապարակումն օգտագործել է Դոհային քննադատելու համար՝ Կատարին անվանելով «թունավոր թշնամի» և խոստանալով ընտրվելու դեպքում նվազագույնի հասցնել նրա ազդեցությունը Գազայի հատվածի վրա։

Նեթանյահուի խորհրդականներ Յոնաթան Ուրիխը, Իսրայել Այնհորնը և Էլի Ֆելդշտեյնը համարվում են «Քաթարգեյթ» անունով հայտնի գործի հիմնական կասկածյալները։ Հետաքննությունը կապված է կասկածների հետ, որ նրանք կատարել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ կապեր օտարերկրյա գործակալի հետ և կոռուպցիոն գործողություններ, որոնք առնչվում են Իսրայելի վարչապետի շրջապատում աշխատելու ընթացքում լոբբիստների և գործարարների միջոցով, ենթադրաբար, Կատարի շահերի առաջմղմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *