Իսպանիայի Ուելվա նահանգի Նիեբլա մունիցիպալիտետում բռնկված անտառային հրդեհը տարածվել է մոտ 8 հազար հեկտար տարածքի վրա, ընդ որում այդ մակերեսի զգալի մասը դեռևս չի այրվել, հայտնում է El Pais-ը։
Անցյալ հինգշաբթի հրդեհի սկսվելու պահից վտանգավոր գոտուց տարհանվել է 467 մարդ, հայտնում են Անդալուսիայի իշխանությունները։
Տարհանվածների ամենամեծ թիվը՝ 283 մարդ, բաժին է ընկնում Բեռոկալ ավանի բնակիչներին։ Հենց այս շրջանն էլ հայտնվել է Իսպանիայի պատմության ամենախոշոր անտառային հրդեհներից մեկի կենտրոնում. 2004 թվականին այստեղ կրակը ոչնչացրել էր մոտ 34 հազար հեկտար տարածք։
Գիշերվա ընթացքում նոր տարհանումների անհրաժեշտություն չի եղել, սակայն հրշեջները բարձր վտանգի պատճառով, հատկապես հյուսիս-արևմտյան հատվածում, չեն կարողացել կատարել բոլոր նախատեսված աշխատանքները։ Ներկայումս բնակավայրերն անմիջականորեն կրակի սպառնալիքի տակ չեն գտնվում։
Հրշեջ ստորաբաժանումները շարունակում են պաշտպանական գծեր ստեղծել հրդեհի օջախին մոտեցող հատվածներում։ Առավոտյան հրդեհաշիջմանը կրկին միացել է ավիացիան, որը կենտրոնացել է հրդեհի առաջնային հատվածի վրա։ Իսպանական բանակի ցամաքային ստորաբաժանումներն ու անտառային հրդեհների Infoca ծառայությունը շարունակում են ամրապնդել պաշտպանական սահմանագծերը։
Իրավիճակը բարդացնում է քամին, որը հրդեհի սկզբից ի վեր մշտապես փոխում է ուղղությունը։ Կիրակի օրվա կեսերին դրա արագությունը կարող է հասնել 30–35 կմ/ժ-ի։ Բացի այդ, սպասվում է ցածր խոնավություն, ինչը նպաստում է կրակի տարածմանը։
Փրկարարները նաև բախվում են դժվարանցանելի ռելիեֆի և բուսականության բարձր դյուրավառության հետ։ Միևնույն ժամանակ իշխանությունները նշում են, որ կրակի անցած տարածքի զգալի մասը փաստացի չի այրվել։ Այրված հողերի ճշգրիտ մակերեսը կորոշվի եվրոպական Copernicus ծրագրի արբանյակային տվյալների վերլուծությունից հետո։
Արևելյան թևում հրդեհը մոտենում է Տինտո գետին։ Այս գոտում առայժմ բնակավայրեր չկան, ուստի հիմնական վտանգը կապված է անտառային տարածքների հետ։
Միևնույն ժամանակ Գալիսիայում երեք խոշոր անտառային հրդեհ, որոնցից յուրաքանչյուրը ընդգրկել էր ավելի քան 20 հեկտար, տեղայնացվել են։ Ընդհանուր առմամբ դրանք ոչնչացրել են ավելի քան 160 հեկտար անտառ։
Կաստելյոն նահանգում Կուլյա մունիցիպալիտետում հրդեհը վերցվել է վերահսկողության տակ, սակայն շարունակվում է Տիրիգում բռնկված հրդեհի մարումը, որի մակերեսը կազմում է մոտ 395 հեկտար։ Դրա պատճառով իշխանությունները պահպանել են մեկուսացման ռեժիմը Կատի մունիցիպալիտետի բնակիչների համար։