Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված համաձայնագրի հարցում անհանգստանալու որևէ պատճառ չունենք․ Իրանի ԱԳՆ

Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված «Մեքքայի համաձայնագիրն» ազդարարում է անվտանգության հարցում տարածաշրջանային երկրների մոտեցման փոփոխության մասին: Մենք որևէ պատճառ չունենք անհանգստանալու այս համաձայնագրի առնչությամբ․ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Նրանք հասկացել են, որ անվտանգությունը գնվող ապրանք չէ: Իրանի քաղաքականությունն է եղել խրախուսել տարածաշրջանային երկրներին համագործակցել և ամրապնդել ներքին անվտանգությունն՝ առանց արտաքին խաղացողների վրա հույս դնելու: Այս փոփոխությունն արժանի է ուշադրության», – նշել է նա։

Խոսնակը հավելել է, որ 3 տարի առաջ տեղի ունեցած հոկտեմբերյան դեպքերից, Գազայում ցեղասպանության սկսվելուց և Իսրայելի ռեժիմի հարձակումներից հետո տարածաշրջանային երկրները հասկացել են, թե ով է ամենամեծ սպառնալիքը համաշխարհային հանրության կայունության և անվտանգության համար։

Բաղային նշել է, որ Իսրայելի ռեժիմի նկրտումները գաղտնիք չեն։

«Ռեժիմի հարձակումները Լիբանանի, Պաղեստինի և Սիրիայի վրա, ինչպես նաև տարածաշրջանային երկրների դեմ սպառնալիքները ցույց են տալիս, որ տարածաշրջանային պետություններն այլևս չեն կարող, ինչպես նախկինում, հույսը դնել ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքի վրա», – նշել է ԱԳՆ խոսնակը։

Բաղային հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ինքն է տարածաշրջանում անվտանգության վատթարացմանը նպաստող կողմերից մեկը։

«Իսրայելի ռեժիմը չէր կարողանա կատարել իր հանցագործություններն առանց ԱՄՆ աջակցության։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում անվտանգությունն անբաժանելի է։ Ցանկացած ծրագիր, որը ճիշտ է նույնականացնում թշնամուն և սպառնալիքը, կարող է նպաստել անվտանգության ամրապնդմանը», – հայտարարել է նա՝ հավելելով, որ Իրանը լայն կապեր ունի 3 հարևան երկրների հետ։

«Իրանի և Թուրքիայի ժողովուրդների միջև բարեկամությունն ունի պատմական, կրոնական և մշակութային արմատներ, և այդ հարաբերությունները երկարաժամկետ են», – ընդգծել է նա։

Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Թեհրանը որոշ չափով տեղյակ է համաձայնագրի մասին. «Մենք որևէ պատճառ չունենք անհանգստանալու այս համաձայնագրի համար»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրել են հավաքական պաշտպանության մասին համաձայնագիր, ըստ որի՝ երկրներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես հարձակում մյուս երկու երկրների վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *