Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի՝ իշխանություններից պահանջելով համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ քաղաքը պատած սուր միգրացիոն ճգնաժամի դեմ։ Ըստ գործակալության՝ բողոքի ակցիան տեղի է ունեցել օգոստոսի 9-ի երեկոյան՝ քաղաքի հրապարակներից մեկում։ Ցույցի գլխավոր կարգախոսն էր՝ «Բավական է։ Սեուտան չի հանձնվում»։
Կազմակերպիչների տվյալներով՝ ցույցին մասնակցել է մոտ 10 հազար մարդ, մինչդեռ ոստիկանությունը հաշվարկել է շուրջ 5 հազար ցուցարար։ Ցույցին մասնակցել է նաև Սեուտայի կառավարության ղեկավար Խուան Խեսուս Վիվասը։ Ցուցարարները, ի թիվս այլ կարգախոսների, պահանջել են նաև Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսի հրաժարականը։
Սրված ճգնաժամի պայմաններում Մադրիդի իշխանությունները որոշել են քաղաք ուղարկել զինվորականներ՝ կարգուկանոնի և անվտանգության պահպանմանն աջակցելու համար։ Իսպանիայի կառավարության գնահատմամբ՝ Սեուտա մուտք է գործել մոտ 72 հազար միգրանտ, որոնցից շուրջ 70 հազարը հետագայում վերադարձվել են Մարոկկոյի տարածք։