
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կասկածի տակ է դրել իշխանության այն պնդումը, թե TRIPP-ը բացառապես հայ-ամերիկյան նախագիծ է։
Լրագրողի հարցին, թե իշխանության ներկայացուցիչները նախագիծը ներկայացնում են որպես հայ-ամերիկյան նախաձեռնություն, Խաչատրյանը հակադարձել է՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի ներգրավվածության վրա։
Նրա խոսքով՝ եթե նախագիծն իսկապես միայն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նախաձեռնություն է, ապա անհասկանալի է, թե ինչու է դրա շուրջ քննարկում տեղի ունենում նաև Բաքվում՝ Ադրբեջանի մասնակցությամբ։
Խաչատրյանը նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ընթացքում քննարկվել են Հայաստանի համար ամերիկյան անօդաչու թռչող սարքերի վաճառքի, ինչպես նաև շուրջ 9 միլիարդ դոլարի ներդրման շրջանակում հնարավոր փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման հարցերը։ Մինչդեռ, պատգամավորի խոսքով, Ադրբեջանի հետ քննարկումների ժամանակ առանցքային թեմաներից մեկը եղել է հենց TRIPP-ը։
Խաչատրյանի գնահատմամբ՝ այս հանգամանքը հիմք է տալիս պնդելու, որ նախագիծը միայն հայ-ամերիկյան ձևաչափով չի սահմանափակվում։
«Չպետք է փորձել ակնհայտը քողարկել։ Եթե Ադրբեջանը ներգրավված է քննարկումներում, ապա TRIPP-ը չի կարող ներկայացվել բացառապես որպես հայ-ամերիկյան նախագիծ»,– նշել է պատգամավորը։