Արգամ Աբրահամյանը չի ընդունում մեղքը ու անհիմն է համարում մեղադրանքը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի փաստաբան Էմին Խաչատրյան։
«Ինչ վերաբերում է մնացած հանգամանքներին, հետագայում մենք Արգամ Աբրահամյանի հետ խորհրդակցելուց հետո պաշտպանական թիմով համապարփակ հայտարարությամբ հանդես կգանք անպայման։
Այս փուլում որպես դիրքորոշում ընդունեք, որ Արգամ Աբրահամյանը իրեն մեղավոր չի ճանաչում, նույնիսկ ինքն է դիրքորոշում հայտնել, որ այն աստիճան անհիմն մեղադրանք է, որ նույնիսկ էլ այդ մասով ավելի մեկնաբանություն չի տալիս։ Ինքը առհասարակ կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ»,–ասաց նա։
Հարցին՝ կարո՞ղ է սա կապ ունենալ Գագիկ Ծառուկյանի դեմ ընթացող գործընթացների հետ՝ հաշվի առնելով, որ Արգամը Ծառուկյանի փեսան է, փաստաբանն ասաց. «Եկեք ես չմեկնաբանեմ, դուք ինքներդ էլ լավ հասկանում եք»։
Նա հավելեց, որ քաղաքական ենթատեքստի մասով Արգամ Աբրահամյանը որևէ հայտարարություն չի արել։ Նա ասել է, որ ես գտնում եմ, որ ծայրաստիճան անհիմն, անհեթեթ մեղադրանք է, դրա համար նույնիսկ չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ։ Այսքանն է եղել»։
Նշենք, որ Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է։
Ըստ Քննչական կոմիտեի, դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը։ Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Աբրահամյանը կնոջը կասկածել է «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ։ Իրավապահների հաղորդմամբ, վրեժխնդիր լինելու շարժառիթով Աբրահամյանը որոշել է կյանքից զրկել նրան եւ դա արել է անվտանգության աշխատակցի միջոցով։