Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ աջակցություն հայտնելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Պատրիարքարանից նշել են, որ վերջին շրջանում հայ Առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ որդեգրված բացասական դիրքավորումը խոր ցավ ու վիրավորանք է առաջադրել Հայաստանի և Սփյուռքի մեր հավատացյալ ժողովրդի մեջ։
«Մայր Աթոռը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հավատքի լուսաբևեռն ու ազգային և հոգևոր միության ամուր սյունը։ Եկեղեցին իր ամբողջ նվիրապետությամբ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի գլխավորությամբ շարունակում է իր քրիստոսավանդ, ազգանվեր ու ազգաշեն առաքելությունը։ Այս առումով Վեհափառի և եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացները, նրանց քրեական հանցագործության ամբաստանություններով աշխարհիկ ատյաններ կանչելը խորապես վիրավորում է Հայ Եկեղեցու նվիրապետական արժանապատվությունը։ Այս ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են թվում ՀՀ Սահմանադրությամբ Եկեղեցուն տրված երաշխիքներն ու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները»,-ասված է հայտարարության տեքստում։
Պոլսո պատրիարքարանից հայտնել են, որ Սփյուռքում Եկեղեցին շարունակում է առանցքային դեր ունենալ ժողովրդի հոգևոր, ազգային և համայնքային կյանքում։ Հետևաբար Մայր Աթոռի հեղինակությունը թուլացնելու կամ նրա անձեռնմխելիությունը վիրավորելուն միտված ցանկացած քայլ վնասում է Եկեղեցու և հավատացյալ ժողովրդի միջև դարերով ամրացված կապերին։ «Պատմությունը վկայում է, որ պետականությունից զրկված ժամանակներում Հայ Առաքելական եկեղեցին եղել է մեր ժողովրդի անխորտակելի սյուներից մեկը։ Ուստի եկեղեցու վերաբերող հարցերի մասին Հայրապետին և եկեղեցական նվիրապետության բարձրացրած ձայնի մեջ հանցագործություն որոնելն անտեղի ու վիրավորական ենք համարում։ Այս գործընթացները վիրավորում են ոչ միայն Մայր Աթոռի միաբանությանը, այլև Հայ եկեղեցու նվիրապետական աթոռները, հոգևորականությանը և վնասում են միջեկեղեցական հարաբերություններին։ Որպես Թուրքիայի Հայոց պատրիարքական աթոռ, մեր զորակցությունն ենք հայտնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին և եպիսկոպոսներին։ Պատասխանատուներին հորդորում ենք Հայ եկեղեցին անխոցելի պահել և եկեղեցական մարմինների որոշումները չվերածել աշխարհիկ դատական հակամարտություններին»,-ասված է հայտարարության մեջ։