
Ընտրությունները երբեք չկեղծելու վերաբերյալ խոստում տված վարչապետը զրոյացրեց «Բարգավաճ Հայաստան»-ին տրված՝ շուրջ 60 հազար ընտրողի ձայն: Մարդը խնդիր ուներ ԱԺ-ում ապահովելու սահմանադրական մեծամասնություն: Որպեսզի, ըստ իր խոստովանության, սեպտեմբերին «ավերիչ պատերազմ» չծագի: Բայց կարողացավ ապահովել պատգամավորների անհրաժեշտ քանակի միայն երեք հինգերորդ մասը: Սահմանադրական մեծամասնությունը մնաց որպես անկատար երազանք: Բայց ինչպես երևում է ադրբեջանական խոսույթից, պատերազմը դժվար թե ծագի: Ինչևէ, ընտրությունները երբևէ չկեղծելու խոստում տված անձի կողմից մի ողջ խմբակցություն ԱԺ-ից դուրս թողնելու համար հսկայական ծավալի ընտրախախտում կատարելն աննախադեպ հակասահմանադրական քայլ էր նույնիսկ նիկոլական «իրական» Հայաստանում:
Անօրինականության երկրորդ դրսևորումը Գագիկ Ծառուկյանին կալանավորելն էր: Երրորդ դրսևորումը՝ երկրորդին համընթաց, նրա սեփականությունն արագացված տեմպերով խլելն էր: Թե ինչու երկրորդ հակաօրինական քայլի համար ընտրվեց ներդրումների առումով իրանցի գործարարների բողոքը, դժվարանում եմ մեկնաբանել: Կամ էլ պետք է ընդունեմ, որ դա հարմար պահին իրավապահների ձեռքն ընկած տարբերակ էր ընդամենը: Ու ամենավերևում որոշում կայացվեց օգտագործել այն: Որովհետև եթե օբյեկտիվորեն քննվեր հարցը, ապա հենց իրանցի գործարարների նկատմամբ պետք է հարուցվեր քրեական գործ: Բայց, իհարկե, ոչ թե այստեղ, այլ իրենց հայրենիքում:
Այնուհետև այդ գործի հետ որևէ առնչություն չունեցող ձեռնարկությունների դռները կամ դարպասները կապարակնքվեցին, ու դրանք խլվեցին սեփականատիրոջից: Եվ այդ ժամանակ նույնիսկ կիսագրագետ նիկոլականը ցանկության դեպքում կարող էր կռահել, որ այստեղ առկա էր ընդամենը անձնական վրեժխնդրության հարց: Ինչի հիմնավորման համար անհրաժեշտ է վերադառնալ 2004 թվականի նոյեմբերի 22-ը, երբ ՀԺ օրաթերթի խմբագրության մեքենան պայթեցվեց: ՀԺ-ի գլխավոր խմբագիր Փաշինյանը դրանում մեղադրեց Գագիկ Ծառուկյանին: Ում գործունեության առումով մինչ այդ բազմաթիվ բացասական հոդվածներ էր հրապարակվել ՀԺ-ում: Ծառուկյանը, բնականաբար, հերքեց մեղադրանքը, իսկ իրավապահներն էլ տարիներ անց կարճեցին դրա առումով հարուցված քրեական գործը՝ չցանկանալով «բացահայտել» հանցագործությունը:
Եվ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Ծառուկյանի և նրա բիզնեսի հետ, ենթադրաբար պայմանավորված է հենց 22 տարի առաջ տեղի ունեցած պայթյունով: Չնայած 2000-ականների «բեսպրեդելի» միակ դերակատարը Ծառուկյանը չէր: Ու այսօր ևս կեդանի են ու զբաղվում են բիզնեսով նրանք, ովքեր այդ բնույթի մթնոլորտ էին գեներացնում այդ տարիներին: Դե իսկ իրավապահներն էլ գործել ու գործում են ոչ թե օրենքի հրամայականով, այլ իշխանավորների պատվերների շրջանակում: Այսօր դա Ծառուկյանին «բոմժ սարքելու»՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նախընտրական խոստումն է: Ինչը, բնականաբար, կարող էր կյանքի կոչվել միայն այսօրվա բռնապետական Հայաստանում:
Այս վարկածի համար լրացուցիչ հիմնավորում ծառայեց նախորդ օրը Քննչական կոմիտեի կողմից հրապարակված՝ Ծառուկյանի ընտանիքին առնչվող մի սպանության առումով անձնական տվյալներ: Երեկ կալանավորվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամը: Ում մեղադրում են 2023-ին Ավետարանական եկեղեցու քահանա Սողոմոն Վլասյանի սպանությունը կազմակերպելու մեջ: Սպանություն կատարելու մեղադրանքով 2024-ին ձերբակալվել էր Արգամի մտերիմ ընկերը՝ Գեղամ Հակոբյանը։ Պատճառն, ըստ քննչականի հրապարակման, Ծառուկյանի դստեր և Արգամի կնոջ (արդեն նախկին) հարաբերություններն էին Վլասյանի հետ: Ինչը հիմա է հրապարակվում՝ Ծառուկյանին լրացուցիչ ցավ պատճառելու նպատակով: Բազմաթիվ իրավապաշտպաններ և նույնիսկ ՄԻՊ-ը հայտարարեցին, որ կարիք չկար, որպեսզի քննչականը հրապարակավ բացահայտեր գործին առնչվող անձնական տվյալներ: Ենթադրում եմ, որ դա հրապարակելուց առաջ քննչականը չէր կարող այդ հարցը չքննարկել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ:
Ինչը նշանակում է, որ ժողովրդավարական հորջորջված երկրում տեղի է ունենում մասնավոր սեփականության անձեռնմխելիության ոտնահարում: Եվ դա կատարվում է անձնական վրիժառության հողի վրա: Այս ամբողջ ապօրինությունը որևէ արձագանքի չի արժանանում ԵՄ երկրների կողմից: Որը վկայում է, որ եվրոպական մայրաքաղաքներում համաձայն են տեղի ունեցողի հետ: Հատկապես որ իրենք սովորելու բան ունեն Փաշինյանից: Արդեն հինգերորդ տարին է, ինչ ընթանում է ռուս-ուկրաինական պատերազմը, իսկ իրենք չեն համարձակվում ունեզրկել Ռուսաստանը: Խոսքն այն 250 միլիարդ եվրոյի ռուսական սառեցված ակտիվների մասին է, որ ժամանակին ի պահ էին տրվել բելգիական «Euroclear» միջազգային ֆինանսական ընկերությանը (դեպոզիտարիային): Ընդամենը համարձակվում են օգտագործել դրանցից ստացված՝ 17,4 մլրդ եվրոյի շահույթները (2023-2026 1-ին եռամսյակում)՝ տրամադրելով ԵՄ հիմնադրամներին, իսկ դրանց միջոցով՝ տեղական ռազմական արդյունաբերությանն ու Ուկրաինային:
ՀԳ. Երբ արդեն հոդվածը պատրաստ էր, տեղեկացա, որ ԵՄ-ն ծրագրում է ստեղծել մեկ այլ դեպոզիտար կազմակերպություն և սառեցված ռուսական ակտիվները տեղափոխել այդտեղ: Դա արվում է, ենթադրաբար, բելգիական կառավարության պատասխանատվությունից այդ ակտիվները դուրս բերելու և օգտագործելու նպատակով: