
Տավուշի մարզպետի աշխատակազմն ունի 76 հաստիք, որից 10-ը թափուր է։ Հուլիսի 15-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Տավուշի մարզպետարանի աշխատակազմում ներկայումս քանի՞ փորձագետ է աշխատում, ովքե՞ր են նրանք, մասնագիտական ի՞նչ կրթություն ունի նրանցից յուրաքանչյուրը, յույրաքանչյուրը որ ոլորտում ի՞նչ գործառնույթներ է իրականացնում, որքա՞ն է կազմում նրանցից յուրաքանչյուրի աշխատավարձը»։
Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում ներգրավված է չորս փորձագետ: Երեք փորձագետ ունի բարձրագույն կրթություն, մեկը՝ միջնակարգ: Երկու փորձագետ ներգրավված է մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունում, մեկ փորձագետ՝ աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունում, մեկ փորձագետ՝ աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությունում»:
2023-2024 թվականներին բարձրագույն կրթություն չունենալու պատճառաբանությամբ Տավուշի մարզի հանրակրթակյան դպրոցներից ազատել են միջին մասնագիտական կրթություն ունեցող 55 ուսուցչի, որոնց մեծ մասը երկար տարիների մանկավարժական աշխատանքի հաջողված փորձ ուներ։ Նրանց աշխատանքից ազատելու հետևանքով մարզի դպրոցներում ուսուցիչների պակաս կա։ Միջնակարգ-մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին դպրոցներից ազատել են, իսկ Տավուշի մարզպետի աշխատակազմում միջնակարգ կրթությամբ փորձագետ է աշխատում։