Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված նոր համաձայնագիրը կարող է փոխել Մերձավոր Արևելքում ռազմավարական հավասարակշռությունը, սակայն Էր-Ռիյադը դեռ պետք է որոշի՝ արդյոք այդ դաշինքները կամրապնդե՞ն տարածաշրջանային կայունությունը, թե՞ կուժեղացնեն այն ուժերի ազդեցությունը, որոնք ձգտում են Իսրայելին դարձնել ընդհանուր թշնամի, գրում է The Jerusalem Post-ը։
Անցած ուրբաթ Մեքքայում երեք պետության առաջնորդները ստորագրել են համատեղ պաշտպանության պայմանագիր, ըստ որի՝ երկրներից որևէ մեկի վրա զինված հարձակումը կդիտարկվի որպես ագրեսիա բոլոր մասնակիցների դեմ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ փաստաթուղթը փաստացի համարժեք է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին՝ կոլեկտիվ պաշտպանության մասին։ Նախատեսվում է ստեղծել նախարարական կոմիտե և գլխավոր քարտուղարություն Սաուդյան Արաբիայում, որոնց ապագայում կարող է միանալ նաև Եգիպտոսը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործարքը բնութագրել է որպես «կոլեկտիվ զսպման սկզբունքի» վրա հիմնված քայլ։
Ստորագրունից հետո բառացիորեն հաջորդ օրը Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը կոչ է արել ստեղծելու «միասնական ռազմական ճակատ» Իսրայելի դեմ՝ հրեական պետությունն անվանելով սպառնալիք ամբողջ մահմեդական աշխարհի համար։
Փորձագետները նշում են Էր-Ռիյադի քայլի երկակի բնույթը։ Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտից (INSS) Յոել Գուզանսկին Սաուդյան Արաբիայի գործողությունները բնութագրել է որպես «ռիսկերի ապահովագրում»՝ կայունություն փնտրելու շրջանակում, նշելով, որ պակտը լիովին չի փակում Իսրայելի հետ հարաբերությունների հնարավոր նորմալացման դուռը։
Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Յակով Նագելը համաձայնագիրն անվանել է «դիվանագիտական մանևր», որը կոչված է ճնշում գործադրելու ԱՄՆ վարչակազմի վրա՝ Իրանի սպառնալիքների դիմաց Էր-Ռիյադի խոցելիության զգացման ֆոնին։
Իսրայելի ղեկավարները չեն կարող անտեսել փաստը, որ նոր բլոկի մասնակիցներից մեկն արդեն հրեական պետության դեմ ռազմական դիմակայություն կազմակերպելու բացահայտ կոչ է անում։ Այնուամենայնիվ, հեղինակները շեշտում են, որ Իսրայելը պետք է բաց պահի Էր-Ռիյադի համար դուռը՝ ձգտելով Սաուդյան Արաբիան ինտեգրել ամերիկա-իսրայելական անվտանգության ճարտարապետության մեջ՝ չափավոր արաբական երկրների հետ միասին։
Մեքքայի գործարքը հստակ նախազգուշացում է ԱՄՆ-ին, որ Մերձավոր Արևելքում իր կարևոր գործընկերներից մեկի վստահությունն ամերիկյան անվտանգության երաշխիքների նկատմամբ նվազում է։ Վաշինգտոնը պետք է մտածի, թե ինչպես կանխել այս դաշինքի վերածումը հակաիսրայելական կոալիցիայի։
«Սաուդյան Արաբիան պետք է որոշի՝ արդյոք իր նոր դաշինքները կամրապնդեն տարածաշրջանային կայունությունը, թե ավելի մեծ կշիռ կտան այն կառավարություններին, որոնք ձգտում են Իսրայելը վերածել ընդհանուր թշնամու։ Մեքքայի համաձայնագիրն այս ընտրությունն անխուսափելի դարձրեց»,- ամփոփում է JPost-ը։