Պենտագոնը պաշտպանական կապալառուներից պահանջում է կտրուկ արագացնել զենքի արտադրությունը՝ պաշարների սպառման ֆոնին

Պենտագոնը խթանում է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին՝ ավելացնելու սպառազինության արտադրության և մատակարարումների տեմպերը՝ ԱՄՆ բանակի զինանոցների կրճատման վերաբերյալ մտահոգությունների պատճառով, որոնք կտրուկ դատարկվել են Իրանի հետ պատերազմի սկսվելուց հետո, հայտնում է The Hill-ը։

ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Սթիվ Ֆայնբերգը պաշտպանական ընկերություններին ուղարկել է ծառայողական գրություն (որի մասին ավելի վաղ հայտնել էր The Washington Post-ը), որտեղ նրանց տվել է մինչև երեք շաբաթ ժամկետ՝ ներկայացնելու համար ծրագրեր «կրիտիկական նշանակության սպառազինության տեսակների մատակարարման զգալիորեն ավելի արագ, ագրեսիվ գրաֆիկների և/կամ արտադրության ծավալների մեծացման» վերաբերյալ։

Պենտագոնի գլխավոր ներկայացուցիչ Շոն Փարնելը հաստատել է այս տեղեկությունը՝ ընդգծելով, որ գերատեսչությունը մտադիր է շտկել «խափանված, հնացած և աներևակայելի բարդ գնումների համակարգը»։ «Բազմամյա մշակման ցիկլերն այլևս անթույլատրելի են։ Մենք պետք է արմատապես արագացնենք մեր ծրագրերի ժամանակացույցերը և ընդլայնենք արտադրական հզորությունները հենց հիմա»,- Ֆայնբերգի խոսքերն է մեջբերում Պենտագոնը։

ԱՄՆ ռազմական զինանոցը սպառվում է փետրվարի վերջից, երբ սկսվել է հակամարտությունը Իրանի հետ։ Միացյալ Նահանգները ծախսել է բանակային տակտիկական հրթիռային համալիրների և բարձր ճշգրտության հրթիռների գրեթե ամբողջ պաշարը, ինչը լայնածավալ մարտական գործողություններ թույլատրելու հարցում սահմանափակել է նախագահ Դոնալդ Թրամփի հնարավորությունները։

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) տվյալներով՝ ամերիկացի զինվորականները օգտագործել են իրենց THAAD հրթիռների զինանոցի ավելի քան կեսը (բարձրադիր արտամթնոլորտային կալանավորման համալիրներ)՝ հուլիսի վերջի դրությամբ պաշարները կրճատելով մոտ 450 միավորից մինչև 234–278։ Վերլուծաբանները նշում են, որ զինանոցների սպառումը թուլացնում է Վաշինգտոնի ճնշման լծակները Հորմուզի նեղուցի բացման շուրջ բանակցություններում, իսկ Պեկինն ուշադիր հետևում է, թե ԱՄՆ-ը որքան ժամանակ կարող է վարել երկարատև հակամարտություն։

Ինքը՝ նախագահ Դոնալդ Թրամփը, ավելի վաղ հերքել էր զենքի դեֆիցիտի մասին հաղորդումները՝ Truth Social սոցիալական ցանցում գրելով, որ ամերիկացի զինվորականները տնօրինում են սպառազինության «ահռելի ծավալներ», իսկ նոր խմբաքանակներն արտադրվում և մատակարարվում են ըստ անհրաժեշտության։

Պենտագոնը հայտարարում է, որ Ֆայնբերգի պահանջները հիմք կդառնան 2028 ֆինանսական տարվա բյուջեի համար, սակայն Կոնգրեսը կարող է ուժեղացնել այս աշխատանքը արդեն 2027 ֆինանսական տարվա բյուջեի ընթացիկ քննարկման շրջանակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *