Փոփոխություններ էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման մեջ

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։ 

Կատարած փոփոխություններով հանվել է էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ (դրամապանակ) բացելու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալու պարտադիր պահանջը։ Միաժամանակ հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվների լիցքավորումն ու մարումն իրականացնել ոչ միայն անկանխիկ, այլ նաև կանխիկ եղանակով:

Նոր մոտեցմամբ հաճախորդների նույնականացումը կիրականացվի գործող օրենսդրությամբ սահմանված պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի համաձայն՝ ապահովելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի պահանջների լիարժեք պահպանումը: Նոր կարգավորման արդյունքում հաճախորդների համար էականորեն պարզեցվում է էլեկտրոնային փողի օգտագործումը․ այն դառնում է ավելի արագ և հարմար՝ հատկապես այն անձանց համար, ովքեր չեն օգտվում բանկային հաշիվներից կամ վճարային քարտերից։ Վճարահաշվարկային կազմակերպությունների համար ձևավորվում է ավելի մրցակցային և հավասար դաշտ․ նրանք հնարավորություն են ստանում ընդլայնել իրենց ծառայությունների շրջանակը, նվազեցնել գործառնական կախվածությունը բանկային ենթակառուցվածքներից։ Առաջարկվող փոփոխությունների նպատակն է՝

· ընդլայնել էլեկտրոնային փողի օգտագործման հասանելիությունը,

· ստեղծել հավասար մրցակցային պայմաններ ֆինանսական կազմակերպությունների համար,

· խթանել նորարարական վճարային լուծումների զարգացումը:

Ակնկալվում է, որ փոփոխությունների արդյունքում կավելանա էլեկտրոնային փողի կիրառման տարածվածությունը, կբարելավվի շուկայում մրցակցությունը և կձևավորվի առավել արդյունավետ և ներառական վճարային միջավայր: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *