Կիեւն ուսումնասիրում է 44-օրյա պատերազմի ադրբեջանական փորձը, Բաքվում Ուկրաինայի դեսպան


Հարեվաններ


Ուկրաինան եւ Ադրբեջանն ընդլայնում են ռազմավարական գործընկերությունը՝ շեշտը դնելով լոգիստիկայի, էներգետիկայի, ներդրումների եւ ժամանակակից տեխնոլոգիաների վրա, «Ուկրինֆորմ»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսեւը։

Նրա խոսքով՝ Կիեւի համար առանձնահատուկ նշանակություն ունի Միջին միջանցքի զարգացումը, որը Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպային Հարավային Կովկասի եւ Սեւ ծովի միջոցով։

«TRIPP միջանցքի նախաձեռնության մեկնարկը նշանակալի է ողջ Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի վերափոխման համար»,- նշել է դիվանագետը։

Գուսեւն ընդգծել է, որ Ուկրաինան շահագրգռված է տրանսպորտային եւ լոգիստիկ երթուղիների ընդլայնմամբ, ինչպես նաեւ էներգետիկ համագործակցության զարգացմամբ։ Անցյալ տարի ադրբեջանական գազն առաջին անգամ Ուկրաինա է մատակարարվել Տրանսբալկանյան միջանցքով։

Այժմ Կիեւն ու Բաքուն նաեւ քննարկում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու նպատակով Ուկրաինայի ստորգետնյա գազապահեստարանների օգտագործման հնարավորությունը։

Առանձին ուղղություն է ռազմատեխնիկական համագործակցությունը։ Նա նշել է, որ Ուկրաինան ուշադիր ուսումնասիրել է Ադրբեջանի փորձը 44-օրյա պատերազմի ընթացքում։ «Այս օրինակը պետք է մեզ ոգեշնչի այն մտքով, որ մի օր մենք ուկրաինական պետական դրոշները կվերադարձնենք Սեւաստոպոլի, Սիմֆերոպոլի, Դոնեցկի, Լուգանսկի եւ Ռուսաստանի կողմից առայժմ ժամանակավորապես օկուպացված մյուս քաղաքների ու շրջանների վարչական շենքերի վրա»,- ասել է դեսպանը։

Գուսեւի խոսքով՝ Ուկրաինային հետաքրքրում է նաեւ Ղարաբաղի վերականգնման փորձը։ Նա նշել է ենթակառուցվածքների կառուցման եւ բնակչության վերադարձի արագ տեմպերը՝ ընդգծելով, որ այդ փորձը կարող է օգտակար լինել Ուկրաինայի քաղաքների հետագա վերականգնման համար։

Դիվանագետն առանձին անդրադարձել է նաեւ հումանիտար համագործակցությանը։ Ավելի քան 700 ուկրաինացի երեխաներ արդեն այցելել են Ադրբեջան՝ հանգստի եւ վերականգնման նպատակով, իսկ տասը ուկրաինացի զինծառայողներ եւ վետերաններ երկրում ստացել են բժշկական օգնություն եւ անցել վերականգնում՝ ռուսական գերությունից հետո։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *