ԱՄՆ-ի իշխանությունները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Անկարայում Դոնալդ Թրամփին գաղտնի տեղափոխել են մեկ այլ՝ ավելի փոքր ռազմական ինքնաթիռ՝ Իրանի կողմից նրա դեմ հնարավոր մահափորձի սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Ըստ թերթի՝ Թրամփը սկզբում տեսախցիկների առաջ նստել է հին Air Force One-ը, սակայն մի քանի րոպե անց նրան գաղտնի տեղափոխել են ավելի փոքր C-32A ռազմական ինքնաթիռ։ Դրա համար օգտագործվել է օդանավակայանի սննդի սպասարկման մեքենա, որը սովորաբար նախատեսված է թռիչքից առաջ ինքնաթիռ սնունդ և այլ պարագաներ տեղափոխելու համար։
The Washington Post-ի տվյալներով՝ Թրամփը և ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Մեծ Բրիտանիա են թռել հենց այդ ինքնաթիռով։ Թռիչքի ընթացքում օդանավին հետևելու համակարգերն անջատվել են, իսկ ինքնաթիռը օգտագործել է «Reach 18» ոչինչ չասող կանչի նշանը։
Մեծ Բրիտանիայի Միլդենհոլ ռազմաօդային բազա ժամանելուց հետո Թրամփը կրկին տեղափոխվել է գլխավոր ինքնաթիռ և ներկայացել լրագրողների առաջ։
ԱՄՆ վարչակազմը սկզբում պնդում էր, որ թռիչքի պլանում որևէ փոփոխություն չի եղել։ Սակայն թերթը, հղում անելով իր աղբյուրներին և ուսումնասիրված նյութերին, հայտնում է, որ գաղտնի գործողությունը պայմանավորված է եղել Թրամփի դեմ Իրանի կողմից հնարավոր հարձակման մասին ստացված տեղեկությամբ։
Ըստ թերթի՝ ԱՄՆ հետախուզական կառույցները նախապես արձանագրել էին նախագահի կամ նրա ինքնաթիռի դեմ կոնկրետ հարձակման սպառնալիք, ինչից հետո անվտանգության միջոցառումներն ուժեղացվել էին։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսի 7-8-ը Անկարայում։