Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Հայաստանի հետ հարաբերությունների ընթացիկ վիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ։
ԵԱՏՄ-ն և Հայաստանում հնարավոր հանրաքվեն
Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ապագային և դեպի Եվրոպական միություն Երևանի ձգտումներին՝ Գալուզինը հիշեցրել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների մայիսի 29-ի համատեղ հայտարարությունը։ Ըստ այդ փաստաթղթի՝ անհրաժեշտ է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնել համազգային հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ի կազմում մնալու վերաբերյալ։
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ թեև հանրաքվեի կոնկրետ ժամկետ նշված չէ, հարցը կրկին դրվելու է քննարկման դեկտեմբերին կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։ Այդ ժամանակ պետությունների ղեկավարներին կներկայացվի զեկույց՝ 2014 թվականի մայիսի 29-ի ԵԱՏՄ պայմանագրի՝ Հայաստանի նկատմամբ գործողության հնարավոր կասեցման հետևանքների մասին։
«Ակնհայտ է, որ եթե մինչ այդ հանրաքվե անցկացնելու կոչը չլսվի, առաջնորդները հաշվի կառնեն այդ փաստը հետագա համատեղ քայլերը որոշելիս»,- ընդգծել է Գալուզինը։
Դիվանագետը նաև քննադատել է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը՝ նշելով, որ նրանք շրջանցում են հանրաքվեի անհրաժեշտությունը՝ պնդելով, թե հունիսյան ընտրությունների արդյունքներն արդեն իսկ արտացոլում են ժողովրդի վստահությունը եվրոպական կուրսին։ Գալուզինի պնդմամբ՝ հարցադրումը քաղաքացիներին պետք է ձևակերպվի հստակ և գործնական. արտադրվո՞ւմ են արդյոք հայաստանցիները հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից՝ հանուն ԵՄ-ին ինտեգրվելու ոչ ակնհայտ հեռանկարի։
ՀԱՊԿ-ի առջև պարտավորությունները և հնարավոր պատժամիջոցները
Խոսելով ՀԱՊԿ-ի շրջանակներում առկա խնդիրներից՝ ՌԴ փոխարտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի կողմից ազգային անդամավճարները չվճարելու հարցին։ Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է, և Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքներից չի ազատում նրան ֆինանսական պարտավորությունները կատարելուց։
Գալուզինը նշել է, որ կազմակերպությունն ունի համապատասխան ընթացակարգեր նման իրավիճակների համար։ Հայաստանի նկատմամբ հնարավոր սահմանափակող միջոցներ ձեռնարկելու որոշումը գտնվում է Հավաքական անվտանգության խորհրդի (երկրների ղեկավարների) լիազորությունների տիրույթում՝ համաձայն կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածների։
Խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է նոյեմբերի 11-ին Մոսկվայում։