«Հրապարակ». Ինձ ամենաշատը զարմացնում է սփյուռքի լռությունը

Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ 6 եպիսկոպոսների գործով առաջին դատական նիստը, որի ժամանակ դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց եւ հրաժարվեց գործի քննությունից: Վրացահայ գործիչ Գուրգեն Մխիթարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Գարեգին Երկրորդի՝ դատարանի առաջ կանգնելն աննախադեպ չէ, այդպիսի դեպք հայոց պատմության մեջ գրանցվել է 451-452 թվականներին, երբ Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսը կալանավորվեց պարսից Հազկերտ 2-րդ թագավորի կողմից եւ տարվեց Տիզբոն։ Նրա հետ կալանավորվեցին շատ ու շատ ավագ նախարարներ։ Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Կիլիկյան Հայաստանում, որտեղ ամենայն հայոց կաթողիկոսը կալանավորվեց Եգիպտոսի սուլթան Բեյբարսի կողմից ու տարվեց Կահիրե։

«Հայաստանի Հանրապետությունում այսօր տեղի ունեցողը կարելի է համեմատել Խորեն Մուրադբեկյանի կալանավորման, սպանության հետ, քանի որ Խորեն Մուրադբեկյանը բոլշեւիկյան, կոմունիստական ռեժիմի ժամանակ էր գահակալում Մայր Աթոռում: Փառք Աստծո, Վեհափառը կենդանի է եւ առողջ, եւ առայժմ նոր կաթողիկոս ընտրել ոչ ոք իրավունք չունի եւ առավել եւս իրավունք չունի կաթողիկոս նշանակել, քանի որ կաթողիկոսը տեղում է։ Ինչ վերաբերում է այս խայտառակությանը՝ սա համաշխարհային խայտառակություն է։ Մենք հպարտանում ենք, որ առաջինը քրիստոնեություն ընդունած ազգ ենք, բայց այս պարագայում կարող ենք ասել, որ մենք առաջինը քրիստոնեությունից հրաժարվող ազգ ենք։ Եվ ինձ այստեղ ամենաշատը զարմացնում է սփյուռքի լռությունը, որը մանդատ չի տվել այսօրվա իշխանությանը, որ ամենայն հայոց կաթողիկոսին կանչեն դատարան, հարցաքննեն, ինչ-որ հայտ ներկայացնեն: Այո, մանդատը տվել է ՀՀ ժողովուրդը, բայց Վեհափառ հայրապետը Հայաստանի Հանրապետության կաթողիկոսը չէ, ուղղակի Արարատյան երկրում գտնվում է ամենայն հայոց կաթողիկոսության կենտրոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը ժամանակին տեղափոխված է եղել Կիլիկիա: Ամենավատն այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությանը մանդատ տվող ժողովուրդը, թեկուզ կեղծ ընտրություններին` այդքան քվե կեղծել հնարավոր չէ, այս իշխանության կողմնակիցները շատ են, եւ այդ մարդիկ, այո, հակաքրիստոնեական արշավ են տանում, հակահայկական ու հակաէջմիածնական արշավ են տանում։ Այսինքն, նրանք ընդվզում են արդեն քրիստոնեության դեմ եւ մեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ: Պատասխանատվությունը լինելու է, ուղղակի ես չգիտեմ, թե սփյուռքը երբ է արթնանալու»,- ասաց Մխիթարյանը։

Սփյուռքի արձագանքը` թեկուզ բացասական, ոչինչ չի փոխի, քանի որ ՀՀ իշխանություններին չի հետաքրքրում սփյուռքի կարծիքը, քանի որ այս իշխանություններն իրենց ռեսուրսներով ու ընտրազանգվածով իրենց իրավունք են վերապահում որպես պատանդ պահել հոգեւոր տիրոջը․ ամենայն հայոց կաթողիկոսն այսօր պատանդի կարգավիճակով է գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում։ «Նույն ձեւի կարող են արհամարհանքի ենթարկել սփյուռքը, եթե կտրուկ միջոցների չդիմի՝ ահավոր է լինելու։ Սփյուռքը պիտի արհամարհի Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից իրենց երկրներում լիազորված դեսպաններին, հյուպատոսներին եւ բոլորին, այսինքն՝ նրան պետք է մեկուսացնել, արհամարհել, որպեսզի նրանք մենմենակ մնան եւ պատասխան տան իրենց ճակատագրի համար։ Նիկոլ Փաշինյանն իր թերթում եւ իր գրքում գրել է, ցույց է տվել իր դեմքը, ժողովրդի մի մասը գնաց ու ընտրեց իրեն, եւ այդ ընտրազանգվածը պիտի առերեսվի իր ընտրության հետ, իր պատասխանատվության հետ եւ պետք է պատրաստ լինի կրել բոլոր զրկանքները, որը նախախնամությունը պատրաստել է իր համար։ Իսկ այդ զրկանքները շատ շուտ լինելու են»,- շեշտում է վրացահայ գործիչը։

Մխիթարյանը հիշեցնում է, որ 2023-ին Շվեյցարիայում Գարեգին Երկրորդը խոսեց Արցախի պատմամշակութային, հոգեւոր ժառանգության պաշտպանության ու արցախահայերի վերադարձի իրավունքի մասին, իսկ դրանից առաջ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորներից մեկը հրապարակային ելույթով Փաշինյանին «հորդորեց»՝ հնարավորինս արագ Էջմիածինը վերցնել իր հսկողության տակ, ու այդքանն իմանալով, դրանից հետո Փաշինյանին ընտրելուց հետո հնարավո՞ր է արդյոք նման զանգվածի հետ ապրել նույն երկրում, հարգել նման մարդկանց կամ նույնիսկ բարեւել։ «Երբ որ ազգակործան հեղափոխությունը տեղի էր ունենում, սփյուռքից շատ-շատ հիմարներ գնացին՝ այդ ազգակործան հեղափոխությանը մասնակցելու։ Ինձ թվում է, նրանք ե՛ւ հիմար էին, ե՛ւ կայացման խնդիր ունեին, գնացին այդ ազգակործան հեղափոխությանը մասնակցելու, որովհետեւ ուզում էին կայանալ։ Իսկ այսօր կաթողիկոսի դատավարությանը սփյուռքից ոչ ոք չի գնում մասնակցելու, այդ խայտառակությանը, կոնկրետ Վրաստանից, օրինակ, հայեր չեն գնում մասնակցելու, միգուցե որովհետեւ իրենք արդեն կայացա՞ն որպես փչացած ու դավաճան եւ այլեւս մարդկանց երեսին նայել ամաչում են: Գնահատականս դա է՝ իրենք ուզում էին կայանալ ու կայացան, ու դա իրենց խայտառակությունն է ու ամոթը»։

Ինչ վերաբերում է Վեհափառի քայլերին, ապա նա այլեւս ոչինչ անել չի կարող, քանի որ կրոնական, բարոյական, ինտելեկտուալ ինֆլյացիայի պարագայում հոգեւոր առաջնորդի դերը դառնում է մարգինալացված: Իսկ այդ ինֆլյացիան կատարվեց, ցավոք սրտի, արտաքին ազդեցությունների միջոցով եւ այս ստախոս, ստահակ ընտրազանգվածի սատարմամբ իշխանության եկած խունտայի ձեռքով՝ շեշտում է Մխիթարյանը։ «Եթե այսպիսի եւս մեկ սերունդ առաջանա, Աստված մի արասցե, ապա հայ ազգն ընդհանրապես կդադարեցնի իր գոյությունը պատմության ասպարեզում»,-եզրափակեց Գուրգեն Մխիթարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *