ՀՀ ԿԲ-ն պարզեցրել է էլեկտրոնային դրամապանակների բացման և համալրման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/ԱՌԿԱ/.    Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է էլեկտրոնային փողերի թողարկման և օգտագործման կարգավորման  փոփոխությունները, որոնք ուղղված են առավել արդյունավետ և մրցունակ վճարային միջավայրի ձևավորմանը:

Ինչպես հայտնում է ԿԲ պաշտոնական կայքը, կատարած փոփոխություններով հանվել է էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ (դրամապանակ) բացելու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալու պարտադիր պահանջը։ Միաժամանակ հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվների լիցքավորումն ու մարումն իրականացնել ոչ միայն անկանխիկ, այլ նաև կանխիկ եղանակով:

«Նոր կարգավորման արդյունքում հաճախորդների համար էականորեն պարզեցվում է էլեկտրոնային փողի օգտագործումը․ այն դառնում է ավելի արագ և հարմար՝ հատկապես այն անձանց համար, ովքեր չեն օգտվում բանկային հաշիվներից կամ վճարային քարտերից», -նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ:

Ընդ որում, նոր մոտեցմամբ հաճախորդների նույնականացումը կիրականացվի գործող օրենսդրությամբ սահմանված պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի համաձայն՝ ապահովելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի պահանջների լիարժեք պահպանմամբ։

Կենտրոնական բանկից նաև նշում են, որ վճարահաշվարկային կազմակերպությունների համար ձևավորվում է ավելի մրցակցային և հավասար դաշտ․ նրանք հնարավորություն են ստանում ընդլայնել իրենց ծառայությունների շրջանակը, նվազեցնել գործառնական կախվածությունը բանկային ենթակառուցվածքներից։

«Փոփոխությունների նպատակն է ընդլայնել էլեկտրոնային փողի օգտագործման հասանելիությունը, ստեղծել հավասար մրցակցային պայմաններ ֆինանսական կազմակերպությունների համար, խթանել նորարարական վճարային լուծումների զարգացումը», – ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ:

ԿԲ-ում ակնկալում են, որ փոփոխությունների արդյունքում կավելանա էլեկտրոնային փողի կիրառման տարածվածությունը, կբարելավվի շուկայում մրցակցությունը և կձևավորվի առավել արդյունավետ և ներառական վճարային միջավայր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *