Սպիտակում և Երևանում օգոստոսի 21–28-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը կիրականացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը, որը տարիներ շարունակ Հայաստանի մշակութային կյանքի ամենասպասված իրադարձություններից մեկն է։
Փառատոնը մեկ հարթակում միավորում է թատրոնը, կինոն, երաժշտությունը, լուսանկարչությունը և ստեղծագործական-կրթական ծրագրերը՝ ստեղծելով մշակութային երկխոսության և նորարար գաղափարների տարածք։ Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 21-ին Սպիտակի քաղաքային զբոսայգում։ Բացման գլխավոր իրադարձությունը կլինի Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի «Տիրուհիները» թատերականացված պարային ներկայացումը։
Ներկայացման հեղինակն ու բեմադրիչը Արայիկ Գևորգյանն է, իսկ անսամբլի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը՝ Արմեն Ներսիսյանը։ «Տիրուհիները» ներկայացումը հանդիսատեսին կներկայացնի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների՝ Զարուհու, Սաթենիկի, Փառանձեմի, Խոսրովանույշի և Կեռանի կերպարները։ Պատմական, երաժշտական և պարային արտահայտչամիջոցների համադրությամբ ներկայացվում են նրանց ուժը, իմաստությունը, անձնազոհությունն ու հայկական պետականության և ազգային ինքնության պահպանման գործում ունեցած բացառիկ դերը։ Բեմադրությունը ազգային մշակութային ժառանգության ժամանակակից մեկնաբանություն է, որն ավանդույթն ու նորարարությունը միավորում է մեկ ամբողջական արվեստային փորձառության մեջ։
«ՖՐԵՍԿՈ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանն ընդգծում է՝ տասներեքերորդ տարին է, ինչ «ՖՐԵՍԿՈ»-ն ստեղծում է յուրահատուկ հանդիպման վայր, որտեղ արվեստը խոսում է համամարդկային արժեքների, հիշողության, ինքնության և հավասարության մասին. «Այս տարի ևս ձևավորել ենք բազմաժանր ծրագիր, որը կհետաքրքրի տարբեր տարիքի և նախասիրությունների հանդիսատեսին։ Ուրախ ենք, որ «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը կրկին միավորում է արվեստագետներին և հանդիսատեսին՝ ստեղծելով բաց երկխոսության, նոր բացահայտումների և մշակութային համագործակցության հարթակ։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր մասնակից այս օրերին կգտնի իրեն ոգեշնչող, հուզող և հիշարժան փորձառություն»։
Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի բացումը «Տիրուհիները» ներկայացմամբ խորհրդանշական ընտրություն է։ Հայոց պատմության նշանավոր թագուհիների կերպարների միջոցով կարևորվում է հայ կնոջ ուժը, արժանապատվությունը, իմաստությունն ու նրա անգնահատելի ներդրումը ազգային ինքնության, պետականության և մշակույթի ձևավորման ու պահպանման գործում։
Փառատոնի ութօրյա ծրագրում ընդգրկված են համերգներ, միջազգային ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ, վարպետության դասեր, թատերական ներկայացումներ և ստեղծագործական հանդիպումներ, որոնք հնարավորություն կտան արվեստագետներին և հանդիսատեսին բացահայտել ժամանակակից արվեստի բազմազան ուղղությունները։
Այս տարվա ծրագրի կարևորագույն իրադարձություններից է «Բացառիկ համերգ տոտալ մթության մեջ» նախագիծը։ Առաջին անգամ Հայաստանում հանդիսատեսը հնարավորություն կունենա ամբողջությամբ հրաժարվել տեսողական ընկալումից և երաժշտությունը զգալ մյուս բոլոր զգայարաններով։ Սա պարզապես համերգ չէ, այլ յուրօրինակ զգայական փորձառություն, որը վերաիմաստավորում է երաժշտության ընկալման սահմանները։
Փառատոնի շրջանակում տեղի կունենա փորձի փոխանակման հանդիպում չեխական «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնի ներկայացուցիչ Աննա Սկոչդոպոլովայի հետ։ Բանախոսը կներկայացնի «Արհեստական բանականությունը ներառականության ապահովման գործիք․ էթիկա, կինո և մշակութային փառատոներ» թեման՝ անդրադառնալով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ու էթիկական նորմերին մշակութային ոլորտում։
Ֆրեսկոյի շրջանակում օգոստոսի 23-ին Սպիտակում և օգոստոսի 24-ին Երևանում կանցկացվեն իսրայելցի լուսանկարիչ Դ. Բրիկմանի վարպետության դասը, ինչպես նաև հանրահայտ «Մանկական ոչ մանկական հարցեր» հաղորդման հիման վրա հանդիպում հանդիսատեսի հետ։ Միջոցառումը կմիավորի լուսանկարչությամբ հետաքրքրվողներին՝ փորձի փոխանակման և մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով։ Բացի այդ, օգոստոսի 24-ին Երևանում վարպետության դասով հանդես կգա նաև ճանաչված վրացի լուսանկարիչ Յուրի Մեչիտովը։
Սպիտակում նախատեսված է նաև հագեցած համերգային ծրագիր՝ սիրված «Էթնո Քոլորս» (Ethno Colors) խմբի մասնակցությամբ։
Փառատոնի ընթացքում կցուցադրվի 12 երկրի 30 ֆիլմ․ դրանք մոտիվացնող աշխատանքներ են, որոնք անդրադառնում են կարևոր սոցիալական խնդիրների, մարդասիրական արժեքներին և ներառականությանը։
Ֆրեսկո միջազգային ձառատոնը կեզրափակվի օգոստոսի 28-ին Վանաձորում՝ Գյումրու երիտասարդական թատրոնի «Պարուհին» ներկայացմամբ։