Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է բանակցություններում առաջընթացի մասին և ընդգծել, որ Իսրայելին չի թույլատրվի պահպանել ռազմական ներկայություն լիբանանյան տարածքի որևէ մասում, հայտնում է Al Arabiya-ն։
Մարոնական հավատքի տարածման ինստիտուտի պատվիրակության առջև ելույթ ունենալով՝ Աունը նշել է, որ շարունակվող բանակցությունները նախընտրելի են Լիբանանի դեմ «կործանարար պատերազմի» հետևանքներից։
Նախագահի խոսքով՝ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո հաջողվել է սահմանափակել իսրայելական հարվածների ծավալը։
«Լիբանանցիների միջև տարաձայնություններ չկան նպատակների վերաբերյալ», — ասել է Աունը՝ դրանց թվում նշելով իսրայելական ուժերի դուրսբերումը, գերիների վերադարձը և ավերված շրջանների վերականգնումը։
«Ի վերջո, մենք Իսրայելին թույլ չենք տա մնալ մեր հողի որևէ հատվածում, նույնիսկ մեկ մատնաչափի վրա», — ընդգծել է նա։
Աունը նաև հայտարարել է, որ Լիբանանի հարավի բնակիչները պետք է հնարավորություն ստանան ապրել կայուն պայմաններում, այլ ոչ թե շարունակեն բախվել պատերազմների, որոնք մղվում են նրանց անունից՝ «ոչ լիբանանյան նպատակների» շահերից ելնելով։
«Իմ նպատակն այսօր պետությունը վերականգնելն է՝ ինչ էլ որ դա արժենա», — հայտարարել է Լիբանանի նախագահը։