Շիրակի պատգամավորների թիվը 4-ից դարձավ 6․ ՔՊ-ի գերակշռությունն ու նոր դեմքերը

9-րդ գումարման Ազգային ժողովն արդեն սկսել է իր աշխատանքը, և նոր խորհրդարանում Շիրակի մարզը ներկայացնում է վեց պատգամավոր։ Եթե նախորդ գումարման խորհրդարանում մարզն ուներ չորս պատգամավոր, ապա այս անգամ նրանց թիվն ավելացել է երկուսով։

Ավելացել է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների թիվը։ Շիրակի մարզից նոր խորհրդարանում ՔՊ-ն ունի չորս պատգամավոր, իսկ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները՝ մեկական պատգամավոր։

ՔՊ-ի կազմում խորհրդարան են վերադարձել վարչապետի մամուլի նախկին խոսնակ Նազելի Բաղդասարյանը և Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության նախկին ղեկավար Սարիկ Մինասյանը։ Երկուսն էլ նախկինում արդեն եղել են պատգամավոր։ Սարիկ Մինասյանը, մասնավորապես, նախորդ տարիներին խորհրդարանում ներկայացրել է Շիրակի մարզը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով, իսկ այս անգամ վերադարձել է արդեն իշխանական խմբակցության կազմում։

ՔՊ-ի մյուս երկու ներկայացուցիչները՝ Քնարիկ Հարությունյանը և Վոլոդյա Հակոբյանը, խորհրդարանում նոր դեմքեր են։ Քնարիկ Հարությունյանը մինչ պատգամավոր դառնալը Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության քարտուղարն էր և աչքի էր ընկնում հատկապես ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հասցեին իր կոշտ քննադատությամբ։

Վոլոդյա Հակոբյանը մինչ այս հայտնի էր լրագրողական գործունեությամբ և աշխատել է իշխանական Civic.am-ում։ Այսպիսով, ՔՊ-ի չորս ներկայացուցիչներից երկուսն ունեն խորհրդարանական աշխատանքի փորձ, իսկ երկուսի համար պատգամավորական աշխատանքը նոր փուլ է։

Միևնույն ժամանակ, իշխանական թիմում այս անգամ չկան նախորդ գումարման Շիրակի պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Էմմա Պալյանը։

Ընդդիմադիր դաշտում Շիրակը նոր խորհրդարանում ներկայացված է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների մեկական պատգամավորով՝ Ռուբեն Մխիթարյանով և Մեսրոպ Մանուկյանով։

Վերջինս ծնունդով Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղից է և այս անգամ, ըստ էության, փոխարինում է նախորդ գումարման ԱԺ-ում Արթիկը ներկայացրած դաշնակցական Մհեր Մելքոնյանին, որից, ի դեպ, շիրակցիները դժգոհ չէին և մարզում նա բավականաչափ ճանաչում ուներ։

Իսկ ահա Ռուբեն Մխիթարյանը, որը մասնագիտությամբ իրավաբան և փաստաբան է, Գյումրիում շատերի կողմից դիտարկվում է որպես ընդդիմադիր դաշտի ամենաուժեղ թեկնածուներից մեկը։ Նա Գյումրիում հայտնի մարզիչ Աշոտ Մխիթարյանի որդին է։
Մխիթարյանից բավական ակտիվ աշխատանք են սպասում նաև Գյումրիի ու Շիրակի մարզի խնդիրների ուղղությամբ։ Ինքը ևս հայտարարել է, որ ունի մարզին ու Գյումրիին վերաբերող մի շարք նախաձեռնություններ և պատրաստվում է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ։

Այսպիսով, նոր խորհրդարանի Շիրակի պատգամավորական քարտեզը էապես փոխվել է։ Նախորդ գումարման համեմատ՝ մարզն ունի ոչ միայն ավելի մեծ ներկայացվածություն, այլև նոր անուններ։ Միաժամանակ փոխվել է նաև քաղաքական համամասնությունը․ իշխանական ՔՊ-ն այժմ մարզից ունի չորս պատգամավոր, իսկ ընդդիմադիր ուժերից՝ երկու։

Հատկանշական է նաև, որ նախորդ գումարման «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանն այս անգամ խորհրդարանում չկա։

Իսկ թե նոր պատգամավորներից ով որքանով կկարողանա իրականում ներկայացնել Շիրակի ու հատկապես Գյումրու խնդիրները՝ դա արդեն կերևա առաջիկայում։ Շիրակցիները, ինչպես միշտ, պատգամավորներից սպասում են ոչ միայն խոստումներ, այլև մարզի խնդիրների բարձրաձայնում և դրանց լուծման ուղղությամբ իրական աշխատանք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *