Պատերազմին դեմ միակ կուսակցությունը՝ «Յաբլոկո»-ն, դուրս մնաց ընտրապայքարից


Հարեվաններ


Ռուսաստանի Գերագույն դատարանը բավարարել է «Ռոդինա» կուսակցության հայցը և «Յաբլոկո» կուսակցությանը զրկել Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Համապատասխան որոշումը հրապարակվել է դատարանի դահլիճում, հաղորդում է TASS-ը։

«Ռոդինան» «Յաբլոկոյին» մեղադրել է մի շարք իրավական խախտումների մեջ։ Դրանց թվում են քարոզչության ընթացքում մտավոր սեփականության և հեղինակային իրավունքների խախտումները, համացանցում քարոզարշավի կանոնների խախտումները, ծախսերի սահմանաչափի գերազանցումը և քաղաքական դիրքորոշման մեջ ծայրահեղականության տարրերը։

Դատական նիստի ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացուցիչը հիշատակել է Ռոսֆինմոնիտորինգի փաստաթուղթը, ըստ որի՝ «Յաբլոկոյի» որոշ թեկնածուներ ընտրարշավի մեկնարկից առաջ արտասահմանյան ֆինանսավորում են ստացել։

Կուսակցության նախագահ Նիկոլայ Ռիբակովը ընտրություններից զրկվելն անվանել է հարված Ռուսաստանի քաղաքական համակարգին և պառլամենտարիզմին։ «Յաբլոկոյի» ղեկավարությունը հերքել է արտասահմանյան ֆինանսավորման մասին մեղադրանքները և պատրաստվում է բողոքարկել դատավճիռը։

Ըստ BBC-ի «Յաբլոկո»-ն Ռուսաստանում գրանցված միակ կուսակցությունն է, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել պատերազմը։

Ավելի վաղ ԿԸՀ վիճակահանության արդյունքում «Յաբլոկո» կուսակցությունն ընտրական քվեաթերթիկում ստացել էր երկրորդ համարը։

Պետդումայի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *