ՌԴ-ն և Իրանը միջուկային անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերով խորհրդակցություններ են անցկացրել

Օգոստոսի 10-ին Մոսկվայում տեղի են ունեցել ռուս-իրանական միջգերատեսչական խորհրդակցություններ՝ սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման հարցերով, հաղորդել են Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ ԱԳՆ-ի Չտարածման և սպառազինությունների վերահսկման հարցերի վարչության տնօրեն Օլեգ Պոստնիկովը, իսկ իրանականը՝ Իրանի ԱԳՆ-ի Միջազգային խաղաղության և անվտանգության վարչության գլխավոր տնօրեն Մոհամմադ Հասանինեժադ Փիրքուհին։

Կողմերը քննարկել են սպառազինությունների վերահսկման ոլորտի արդիական խնդիրները և միջազգային հարթակներում գործողությունների հետագա համակարգման ուղիները։ Հատուկ ուշադրություն է դարձվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի առաջիկա աշխատանքին, ինչպես նաև փոխգործակցությանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, Քիմիական զենքի արգելման կազմակերպության, Կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիայի և այլ մասնագիտացված միջազգային հարթակների շրջանակում։

Առանձին թեմա են դարձել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման հեռանկարները։ Մոսկվան և Թեհրանը քննարկել են նաև Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները։

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ չտարածման և սպառազինությունների վերահսկման հարցերով կանոնավոր խորհրդակցությունները Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի իրագործման կարևոր մասն են։

Կողմերը հաստատել են սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման հարցերով ակտիվ երկկողմ շփումները շարունակելու շահագրգռվածությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *