Փարիզի իշխանությունները խստացրել են էլեկտրասքութերով երթևեկության կանոնները

Փարիզում ոստիկանությունը սկսել է տուգանել էլեկտրասքութերների և անհատական շարժունակության այլ միջոցների օգտատերերին պաշտպանիչ հանդերձանքի բացակայության համար, հայտնում է Euronews-ը։

Օգոստոսի 7-ից ուժի մեջ մտած նոր կանոնները նախատեսում են սաղավարտների և լուսարձակող հանդերձանքի պարտադիր օգտագործում։

Սաղավարտ չկրելու համար խախտողներին սպառնում է 135 եվրո տուգանք, իսկ լուսարձակող հանդերձանքի բացակայությունը կարժենա 35 եվրո։

Ոստիկանությունը էլեկտրասքութերների, սեգվեյների, էլեկտրասկեյթբորդների և նմանատիպ այլ փոխադրամիջոցների մասնակցությամբ վթարների թվի աճից հետո խստացրել է վերահսկողությունը։ Փարիզի ոստիկանության տվյալներով՝ տարվա սկզբից մայրաքաղաքում տեղի է ունեցել 136 տուժածներով ճանապարհատրանսպորտային պատահար՝ կապված նման տրանսպորտային միջոցների հետ։ Դա 12%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի ներկայացուցիչ Էլեն Դենեշերը նշել է, որ սա Փարիզում ճանապարհային երթևեկության մասնակիցների միակ կատեգորիան է, որի դեպքում արձանագրվում է տուժածներով վթարների թվի աճ։ Նրա համոզմամբ՝ սաղավարտի օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել ստացվող վնասվածքների ծանրությունը։

Նոր պահանջները Փարիզի բնակիչների շրջանում միանշանակ չընդունվեցին։ Որոշ օգտատերեր պաշտպանիչ հանդերձանքը համարում են անվտանգության համար անհրաժեշտ, մյուսները նոր կանոնները չափազանցված են անվանում և կողմ են այն իրավունքին, որ յուրաքանչյուրն ինքնուրույն որոշի՝ օգտագործել սաղավարտ և լուսարձակող տարրեր, թե ոչ։

Քաղաքացիների մի մասը նաև 135 եվրո տուգանքը սաղավարտի բացակայության համար չափազանց բարձր է համարել։ Միաժամանակ նոր կանոնների կողմնակիցները մատնանշում են այն ծանր վնասվածքները, որոնք վթարների ժամանակ ստանում են էլեկտրասքութերների և անհատական շարժունակության այլ միջոցների վարորդները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *