ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետևել է Գաղտնի ծառայության ցուցումներին, երբ անցած ամիս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո Թուրքիայից մեկնելուց առաջ գաղտնի փոխել է ինքնաթիռը։
«Դա կախված է միայն Գաղտնի ծառայությունից», — նշել է Թրամփը CBS News-ի թղթակցի հարցին ի պատասխան։
«Ես պարզապես հետևում եմ Գաղտնի ծառայության և զինվորականների ցուցումներին։ Նրանք ցանկանում էին, որ ես թռչեմ այլ չվերթով, այլ ինքնաթիռով՝ ապահովելով նույն մակարդակի անվտանգությունը, բայց նրանք ուզում էին, որ ես դա անեմ, ուստի ես դա անում եմ։ Ես անում եմ այն, ինչ նրանք ասում են», — նշել է նա։
Հուլիսի 8-ին Անկարայի օդանավակայանում ԱՄՆ նախագահին գաղտնի տեղափոխել են Air Force One ինքնաթիռից մեկ այլ ինքնաթիռ, քանի որ ամերիկյան հետախուզությունը տեղեկացել էր Իրանի և նրա դրածոների հավաստի դավադրության մասին՝ հրթիռ արձակելու այն ինքնաթիռի ուղղությամբ, որով Թրամփը մեկնում էր Թուրքիայից։
Սպառնալիքի բնույթի մասին հարցին Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ սպառնալիքն իսկապես եղել է։ Ես առանձնապես այդ մասին չեմ հարցուփորձ արել։ Ինձ հաճախ են սպառնում»։