
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է TRIPP տրանսպորտային նախագծի մեկնարկի մասին, որը, նրա խոսքով, նպատակ ունի զարգացնել Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերը Հայաստանի տարածքի միջոցով:
Նա այս հայտարարությունն արել է Նախիջևանում գտնվելու ժամանակ Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հաղորդում են այդ երկրի ԶԼՄ-ները։
Ըստ Ալիևի, «նախագծի իրականացումը քննարկվել է օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Կողմերը վստահություն են հայտնել, որ այս կարևոր տրանսպորտային նախագիծը կիրականացվի մոտ ապագայում»։
Նրա խոսքով, «երկաթուղին կձգվի մինչև Հայաստանի հետ սահմանը արդեն հաջորդ տարի»։ Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ «Նախիջևանում երկաթուղու շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են, մասնավորապես՝ դեպի Օրդուբադ տանող հատվածում»։
Ըստ Ալիևի, երկաթուղու բացակայող հատվածները, որոնք կազմում են մոտավորապես 3-ից 7 կմ, պետք է վերականգնվեն:
«Նման երկու հատվածներ գտնվում են Հայաստանի հետ սահմանի մոտ՝ Օրդուբադի և Սադարակի շրջաններում: Երկաթուղու մնացած մասը, ընդհանուր առմամբ, գործում է և պատրաստ է օգտագործման»,- նշել է նա։
Ալիևի խոսքով՝ մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրամիությունը, հետաքրքրություն են հայտնել այս երթուղու, մասնավորապես՝ երկաթուղու Նախիջևանի հատվածի նկատմամբ: ԵՄ ներկայացուցիչներն արդեն այցելել են Նախիջևան, տեղում ուսումնասիրել իրավիճակը և հետաքրքրություն են հայտնել նախագծին մասնակցելու հարցում, հայտարարել է նա։
Ինչ վերաբերում է Նախիջևանի երկաթուղու վերականգնմանը՝ Ալիևը չի բացառել, որ կստեղծվի ներդրողների միջազգային կոնսորցիում, եթե ադրբեջանական պետությունը պահպանի վերահսկիչ փաթեթը: