Կիբեռանվտանգության ոլորտում գործող F6 ընկերությունը զգուշացնում է՝ զեղծարարները սկսել են մեսենջերներում ստեղծել կեղծ չաթեր՝ ներկայանալով որպես շենքի բնակիչներ կամ բնակարանային-կոմունալ տնտեսության (ЖКХ) կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նոր սխեմաները ակտիվորեն կիրառվում են 2026 թվականի մարտի վերջից։
Առաջին սցենար․ «Հարևանների» կեղծ չաթ
Զեղծարարները մեսենջերներում ստեղծում են չաթեր՝ «Պետիցիա, փողոց … շենք …» տիպային անվանումներով։ Այդ չաթերին ավելացվում են օգտատերեր՝ նշելով այն շենքի հասցեն, որտեղ նրանք գրանցված են կամ նախկինում բնակվել են։
Հասցեների մասին տվյալները հանցագործները ստանում են տվյալների արտահոսքերից։
Ըստ մասնագետների՝ նման չաթերում սովորաբար լինում է 5–7 «մասնակից», սակայն իրական օգտատերը միայն մեկն է՝ այն անձը, ում նկատմամբ իրականացվում է խարդախ փորձը։ Մնացած «բնակիչները» կեղծ հաշիվներ են։
Չաթում առաջարկվում է, օրինակ, ստորագրել պետիցիա «խելացի շլագբաում» տեղադրելու, տեսահսկման տեսախցիկների մոնտաժի կամ շենքային այլ նախաձեռնության վերաբերյալ։
Երկրորդ սցենար․ կեղծ ЖКХ կազմակերպություն
Մյուս տարբերակում խարդախները ներկայանում են որպես բնակարանային-կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ և ստեղծում համապատասխան անվանումով չաթեր։
Այստեղ ևս օգտատերը հայտնվում է չաթում, որտեղ իր կողքին միայն կեղծ հաշիվներ են՝ ներկայացվող որպես «հարևաններ» կամ «աշխատակիցներ»։
Որոշ դեպքերում քաղաքացիները նման չաթեր են մտնում սեփական նախաձեռնությամբ՝ մուտք գործելով QR կոդերի միջոցով, որոնք փակցվում են բազմաբնակարան շենքերի մուտքերում՝ իբր ЖКХ կազմակերպությունների անունից։
Ինչպես է զարգանում խարդախ սխեման
Երկու սցենարներում էլ հետագա քայլերը գրեթե նույնական են։
Չաթի «վարիչը» պահանջում է, որպեսզի մասնակիցները անցնեն «պաշտոնական չաթ-բոտ», հետևեն ուղարկված հղմանը, «անցնեն նույնականացում» և տրամադրեն բոտի կողմից ուղարկված վեցանիշ կոդը։
Փորձագետները զգուշացնում են՝ նման չաթ-բոտերի անվանումները կարող են նմանվել պետական ծառայությունների անուններին, սակայն իրականում հղումները որևէ կապ չունեն պետական հարթակների հետ և հանդիսանում են քողարկված ֆիշինգային կայքեր։
Վերջնական նպատակը՝ գումարների հափշտակում
Զեղծարարության հաջորդ փուլում զոհին փորձում են համոզել, թե նրա պետական ծառայությունների անձնական էջը կոտրվել է։
Արդյունքում՝
- վախեցնում են օգտատիրոջը,
- առաջարկում «անվտանգ հաշվեհամար» փոխանցել գումար,
- «նախապես մարել» իբր իր անունով ձևակերպված վարկը,
- կամ «հայտարարագրել» խնայողությունները՝ փոխանցելով դրանք սուրհանդակին։
Փորձագետները կոչ են անում քաղաքացիներին՝
- չհետևել անհայտ հղումներին,
- չտրամադրել SMS-ով ստացված հաստատման կոդերը,
- և կասկածելի չաթերի դեպքում անմիջապես լքել խումբը և հաղորդել հարթակի աջակցման ծառայությանը։
Կիբեռանվտանգության մասնագետները հիշեցնում են, որ պետական մարմինները և կոմունալ ծառայությունները երբեք չեն պահանջում օգտատերերից փոխանցել գաղտնի կոդեր կամ գումարներ չաթերի միջոցով։