
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ Կիևը պետք է դադարեցնի հարձակումները Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) նավթային օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է «Financial Times»-ը՝ հղում անելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներին։
Ավելի վաղ «Bloomberg» գործակալությունը հաղորդել էր` Վաշինգտոնը ստացել է Կիևի համաձայնությունը, որ Սև ծովում հարվածներ չհասցնի Ռուսաստանի հետ կապ չունեցող լցանավերին և ղազախական նավթի արտահանման համար օգտագործվող Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) ենթակառուցվածքներին։
«Ուկրաինան անցյալ ամսվա վերջին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պահանջից հետո դադարեցրել է Սև ծովի` կենսական նշանակություն ունեցող նավահանգիստն օգտագործող նավթատար լցանավերին ԱԹՍ–ներով ինտենսիվ հարվածների արշավը։ Վարչակազմը զգուշացրել է Ուկրաինային, որ դադարեցնի Սև ծովում Ռուսաստանի հետ կապ չունեցող նավերին հարվածելը»,- գրում է «Financial Times»–ը։
Պարբերականը նշում է, որ խոսքը վերաբերել է նաև ԿԽԿ-ի ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելուն։ Համաձայն հրապարակման՝ այն պահից ի վեր, երբ Զելենսկին և Վենսը քննարկել են այս թեման հուլիսի 31-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, Կիևը հարվածներ չի հասցրել ԿԽԿ տերմինալի մոտ գտնվող լցանավերին։