
Եկեղեցապետների եւ բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ իրականացված դատական հետապնդումների շարքում այսօր կխոսենք Քադվերյան Սյունհոդոսի կամ մեռած Հռոմի պապի դատավարության մասին։ Սա ակնառու դրվագ է, արձանագրված պատմության մեջ, թե ինչպես կարող է քաղաքական պայքարը վերածվել եկեղեցական դատական ատյանի ստեղծման, որտեղ իշխանությունների ճնշման ներքո «մեղադրյալի աթոռին» հայտնվում են նույնիսկ հանգուցյալները։
Քադվերյան Սինոդը տեղի է ունեցել հեռավոր 9-րդ դարում՝ 897 թվականին, Հռոմում։ Սա այն եզակի դատավարությունն է, որտեղ ամբաստանյալը չէր կարողացել ո՛չ ընդունել իր մեղքը, ո՛չ հերքել կամ ինքնապաշտպանվել կամ էլ գոնե ներում խնդրել, որովհետեւ ամբաստանյալն արդեն մահացած մարդ էր։ Դատվողն էլ հանգուցյալ Հռոմի պապ Ֆորմոզան էր։ Այսօր Քադվերյան Սյունհոդոսը համարվում է Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ տեղ գտած ամենաաբսուրդային դրվագներից մեկը։ Սակայն միջնադարում դա հաշվեհարդար էր՝ նույնիսկ մեռած մարդու նկատմամբ՝ թեկուզեւ իրականացված մարդու դիակի հանդեպ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի դրսեւորմամբ։ Պատմաբանները հակված են կարծելու, որ այս ցնորամիտ դրվագի հիմքում քաղաքական մրցակցի հանդեպ վախն է եղել, որը չի փարատվել նույնիսկ մրցակցի մահվանից հետո։ Իսկ պատմությունը հետեւյալն է։
9-րդ դարի երկրորդ կեսին Կարոլինգյան կայսրությունը Եվրոպայում արդեն քայքայվում էր, եւ դրա հետ մեկտեղ նաեւ անկում էր ապրում Պապական Աթոռը։ Ֆորմոզա պապի հովվապետության շրջանում Հռոմում երկու քաղաքական ճամբար է ձեւավորվում։ Ֆորմոզայի մահվանից հետո Պապական Աթոռը դառնում է կռվախնձոր։ Ֆորմոզայի մահվանը հաջորդած ութ տարիների ընթացքում Պապական Աթոռին հայտնվում է ինը պապ, որոնք գահ են բարձրացվել եւ գահընկեց արվել տարբեր խմբակցությունների կողմից։ Ֆորմոզայի հաջորդ՝ Ստեփանոս 6-րդ պապը կարգադրում է արտաշիրիմել Ֆորմոզայի դիակը, բերել Սբ Պետրոսի տաճար, նստեցնել գահին՝ պապական ամբողջական հանդերձանքով, եւ դատել։ Դիակի կողքին կանգնեցնում են մի սարկավագի, որը դիակի անունից պետք է պատասխաներ հարցերին։ Ֆորմոզային մեղադրել են կանոնական խախտումների մեջ։ Մեղադրանքում տեղ է գտել նաեւ այն դրվագը, որ նրա նախորդներից Հովհաննես 8-րդը նրան հեռացրել էր եկեղեցուց 876 թվականին, որը հաստատվել էր 878 թվականի Սյունհոդոսի որոշմամբ։ Հետագայում Ֆորմոզան, իհարկե, ներման է արժանանում, սակայն նրանից գրավոր երդմնագիր են վերցնում, որ երբեք Հռոմ չի վերադառնալու եւ եկեղեցական պաշտոն չի զբաղեցնելու։ Հենց այդ երդման խախտումն էլ դրվում է մեղադրանքների շարքում։ Դատարանն ի վերջո դատապարտում է Ֆորմոզային (դիակին)՝ որպես Հռոմի քահանայապետ, նրա բոլոր գործողությունները, ներառյալ նաեւ ձեռնադրությունները, ճանաչվում են առոչինչ։ Դիակից հանվում են պապական զգեստները, փոխարինվում աշխարհականի զգեստով։ Երկու կամ երեք մատ էլ՝ դիակի աջ ձեռքից կտրվում են, որպեսզի «դիակը չկարողանար օրհնել մարդկանց կամ երդվել, կամ գրել ինչ-որ բան»։ Դիակն այլ վայրում է թաղվում, իսկ որոշ ժամանակ անց նորից արտաշիրիմում է արվում եւ նետվում Տիբեր գետը։ Դիակը հայտնաբերվում է ձկնորսների կողմից, Հռոմի դարպասների մոտ։ Մի վանական վերցնում է այն ու թաքցնում։ Ստեփանոս 6-րդի հաջորդ Թեոդորոս 2-րդը կարգադրում է դիակը գտնել եւ հանդիսավոր կերպով հուղարկավորում է Սբ Պետրոսի տաճարում։
Հիմա՝ 21-րդ դարում, այս ամենն աբսուրդի ժանրից է թվում։ Սակայն չմոռանանք, որ տվյալ ժամանակաշրջանը միջնադարյան Եվրոպայի ամենախառնակ ժամանակներից էր, եւ 891-96 թթ․ Պապական Աթոռը զբաղեցրած Ֆորմոզան կապված էր Կարոլինգների կայսրության համար այնպիսի կարեւոր հարցի հետ, թե գահակալական պայքարում ում է հասնելու կայսրական գահը։ Կարոլինգյան կայսրության միապետը, ստանալով Պապի օրհնությունը, ձեռք էր բերում դրանով մեծ ազդեցություն ողջ Իտալիայում։ Ֆորմոզան աջակցում էր գերմանական թագավոր Արնուլֆ Քարինթացուն, որը 896 թվականին Հռոմ է մտնում, եւ Ֆորմոզան նրան կայսր է թագադրում։ Սակայն Արնուլֆի հեռանալուց հետո ուժեղանում է Սպոլետյան կլանը, եւ Ֆորմոզայի դիրքերը թուլանում են։ Ու նրա հանդեպ սարսափն այնքան ուժգին էր, որ հնարավորություն ձեռք բերելուց հետո որոշվում է ոչնչացնել ոչ միայն մարդուն, այլ նաեւ նրա գործերն ու հիշատակը։