Գերմանիայի հատուկ ծառայությունների լիազորությունները կընդլայնվեն՝ արտերկրում գաղտնի գործողությունների համար

Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել երկրի հետախուզական ծառայությունների լայնածավալ բարեփոխմանը, որը զգալիորեն կընդլայնի դրանց լիազորությունները գաղտնի գործողություններ իրականացնելու և օտարերկրյա պետություններից բխող սպառնալիքներին հակազդելու հարցում, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարել է գերմանական հատուկ ծառայությունների համար «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին։ Մինչ այժմ դրանց գործունեությունը հիմնականում կենտրոնացած էր հետախուզական տեղեկատվության հավաքագրման վրա։

Ըստ բարեփոխման՝ հատուկ ծառայությունները ավելի մեծ հնարավորություններ կստանան ոչ մահաբեր գործողություններ իրականացնելու համար, ներառյալ հակառակորդի սերվերների կոտրումը և դիվերսիոն գործողությունները։ Որպեսզի փոփոխություններն ուժի մեջ մտնեն, օրինագիծը դեռ պետք է անցնի խորհրդարանով, ինչից հետո բարեփոխումը կարող է ուժի մեջ մտնել հաջորդ տարվա սկզբին։

Կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կոալիցիոն կառավարությունը կարծում է, որ հետախուզական հնարավորությունների ուժեղացումն անհրաժեշտ է թշնամական օտարերկրյա պետություններից, ահաբեկչական կազմակերպություններից և կիբերհանցագործներից բխող սպառնալիքներին հակազդելու համար։

Մասնավորապես, բարեփոխումը տեսականորեն գերմանական հատուկ ծառայություններին թույլ կտա իրականացնել սեփական կիբերհարձակումներ, օրինակ՝ շարքից հանել արտասահմանյան IT համակարգերը, որոնք օգտագործվում են թշնամական ուժերի կողմից, կամ արգելափակել վճարային հոսքերը։

Բացառիկ դեպքերում Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը (BND) ևս կկարողանա թույլտվություն ստանալ արտերկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար։ Ընդ որում, սպանությունները և մահաբեր ուժի կիրառմամբ այլ գործողությունները կմնան կտրականապես արգելված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *