Գործող Սահմանադրության պայմաններում Հայաստանը միշտ կարելի է ներքաշել հակամարտության մեջ։ Այս մասին օգոստոսի 12-ին Ազգային ժողովի նիստում, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը։
Նրա կարծիքով՝ ներկայիս Սահմանադրությունը հնարավորություն է տալիս Հայաստանը ներքաշել հակամարտության մեջ և վտանգի տակ դնել երկրի պետականությունը։
Պատգամավորը քննադատել է ընդդիմության այն պնդումները, թե սահմանադրական փոփոխությունները պարտադրվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, հիշեցնելով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության մասին խոսել էր դեռևս 2020 թվականի հուլիսին՝ 44-օրյա պատերազմից առաջ։
«Ընդդիմության պայքարը սահմանադրական փոփոխությունների դեմ ուղիղ ցուցում է այն աշխարհաքաղաքական կենտրոնից, որի շահերին համապատասխանում է գործող Սահմանադրությունը»,- ասել է Չախոյանը՝ սակայն չմանրամասնելով, թե կոնկրետ որ աշխարհաքաղաքական կենտրոնի մասին է խոսքը։