
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական տանդեմի կողմից իրականացված ռազմական արշավը գերմանական տնային տնտեսությունների վրա կնստի ոչ պակաս, քան 16,8 միլիարդ եվրո։ Ոչ բարեկեցիկ բնակչությունը հատկապես կզգա պատերազմի ծանր հետեւանքները Գերմանիայում՝ առանց այն էլ ունեցած սահմանափակ եկամուտների՝ էլ ավելի նվազման տեսքով։ Այս մասին հայտնում է Մյունխենի տնտեսական հետազոտությունների Ifo կենտրոնը։ Հրապարակված զեկույցում նշվում է, որ գերմանական տնային տնտեսությունները Իրանի դեմ պատերազմի հետեւանքով կարող են կորցնել տարվա կտրվածքով իրենց եկամուտների 1,15 տոկոսը։
Ընդ որում, քիչ ապահովված ընտանիքների դեպքում այդ կորուստը կարող է հասնել մինչեւ 2,9 տոկոսի, ապահովվածների պարագայում՝ 0,65 տոկոսը չի գերազանցում։Խնդիրը գնաճն է, որը հարվածում է բոլոր տնային տնտեսություններին Գերմանիայում, թեեւ դրա պատճառները ուղղակիորեն Գերմանիայի հետ կապ չունեն եւ գտնվում են հազարավոր կիլոմետրեր հեռու։ Զեկույցում նշվում է, որ տուժող խավ են հանդիսանում նաեւ թոշակառուները։ Նրանց եկամուտները գնաճին համաչափ չեն ավելանում։ Իսկ ծախսերը ավելանում են, քանի որ գտնվելով տանը ողջ ժամանակ՝ նրանք ավելի շատ էլեկտրականություն են ծախսում։ Յուրաքանչյուր տնային տնտեսություն, ըստ այդ, կորցնելու է տարեկան կտրվածքով իր եկամուտներից 403 եվրո։